Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջովին ընդունեց ««Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» և ««Լեզվի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթը, որով առաջարկվում է ավելացնել հայերեն ժեստերի լեզվով կամ ենթագրերով հեռուստահաղորդումների ծավալը:
Նախագծի հեղինակը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանն է:
Գործող «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքով սահմանված է, որ հեռարձակողները, որոնք արտադրում են նաև մանկական և (կամ) լրատվական հաղորդումներ, պարտավոր են իրենց ծրագրերում ապահովել տեղեկատվության մատչելիությունը` օրվա ընթացքում` առնվազն մեկական մանկական և լրատվական հաղորդում ներկայացնելով ժեստերի լեզվով թարգմանությամբ կամ հայերեն ենթագրով:
Հեղինակը նախագծով առաջարկում է հստակեցնել հայերեն ժեստերի լեզվով և ենթագրերով հեռարձակվող հաղորդումների տեսակները, մասնավորապես՝ մանկական հաղորդումների դեպքում ամրագրել ժեստերի լեզվով հեռարձակման պարտադիր պահանջ, իսկ ֆիլմեր հեռարձակողների դեպքում եթերաժամում ավելացնել օրական առնվազն մեկ ֆիլմ, լրացուցիչ և պարտադիր հաղորդումների ցանկ սահմանել հանրային հեռարձակողների համար` ներառելով կրթական, առողջապահական, մշակութային և ժամանցային բնույթի հաղորդումները, պաշտոնական տեղեկատվությունը, արտակարգ դրության ժամանակ հատուկ թողարկումները և սոցիալական գովազդը: Առաջարկվում է նաև սահմանել տեսալսողական հաղորդումների չարաշահման արգելք՝ տարիքային, հաշմանդամության, անձնական կամ սոցիալական բնույթի այլ հատկանիշներով խտրականություն տարածելու դեպքում:
Վերը նշված օրենսդրական փաթեթով պատգամավորը «Լեզվի մասին» ՀՀ օրենքում «Ժեստերի լեզու» հասկացությունը սահմանելու, իսկ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացում կատարելու միջոցով Ազգային ժողովի հատուկ նիստերի և խորհրդարանական լսումների առցանց հեռարձակումը Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային կայքով հայերեն ժեստերի լեզվի թարգմանությամբ կազմակերպելու առաջարկ է ներկայացրել:
Ըստ հեղինակի՝ օրենսդրական փաթեթը մշակելու համար հիմք է հանդիսացել նաև «Հայաստանի խուլերի միավորում» հասարակական կազմակերպության դիմումը պատգամավորին:
Փաթեթն ուժի մեջ կմտնի 2023 թ. հունվարի 1-ից: