ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը նախ հիշեցրեց, որ սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել էր քաղաքացիական օբյեկտները, ապա ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանին հարցրեց, թե ինչ աշխատանքներ են կատարվել դրանց վերականգնման ուղղությամբ:
«Ագրեսիայի հետևանքով մեր և՛ բնակավայրերը, և՛ քաղաքացիական ենթակառուցվածքներն ակնհայտորեն թիրախավորվել են: Դա բազմաթիվ խնդիրներ առաջացրեց: Փորձել ենք արագ արձագանքենք: Ամենահրատապը էլեկտրականության և գազամատակարարման վերականգնումներն են եղել: Մենք խնդիր ենք ունեցել Իրան գնացող բարձրավոլտ էլեկտրական ցանցի հետ, որի վերականգնման հնարավորություն չկար, որովհետև հակառակորդը կրակում էր վերականգնող աշխատակազմի ուղղությամբ, մոտ 10-12 ժամ խնդիր ունենալուց հետո հաջողվեց դա վերականգնել:
Այո՛, եղել են դեպքեր, երբ մենք ստիպված ենք եղել անվտանգությունից ելնելով մի շարք աշխատանքներ դադարեցնել, այդ թվում նաև՝ ճանապարհաշինական, բայց ի պատիվ մեր շինարարների՝ հետագայում սկսել ենք մեր աշխատանքները: Կարծում եմ՝ կարճատև դադարն ու խնդիրները պատճառ չեն հանդիսանա, որ մեր ծրագրերը կյանքի չկոչենք»,- ասաց Սանոսյանը: