Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև ուղիղ երկխոսությունը երկկողմանի խնդիրների լուծման և կայուն խաղաղության հասնելու բանալին է՝ ասել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը։
«Հավատարիմ ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին։ Երկու ղեկավարներին էլ կոչ ենք արել հանդիպել իրենց հարմար ցանկացած ձևաչափով։ Երկխոսությունը խնդիրների լուծման և կայուն խաղաղության հասնելու բանալին է։ Այդ իսկ պատճառով պետքարտուղար Բլինքենը սեպտեմբերին Նյու Յորքում հրավիրեց Հայաստանի և Ադրբեջանի իր գործընկեր ԱԳ նախարարներին, նրանք հայտնվեցին նույն սենյակում»,- նշել է Փրայսը ճեպազրույցում:
Նրա խոսքով՝ Հարավային Կովկասի երկրների ինքնիշխանության ու անկախության հարցում ավելի մեծ աջակցություն, քան ԱՄՆ-ն է ցուցաբերում, չկա։
«1991 թվականին Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի անկախության վերականգնումը կարևոր իրադարձություն էր, որը երաշխավորեց այդ երկրներից յուրաքանչյուրի իրավունքը՝ Մոսկվայից կամ որևէ այլ երկրից անկախ իր արտաքին քաղաքական շահերը հետապնդելու»,- ասել է Փրայսը:
Նա հերքել է հայ-ադրբեջանական հիմնախնդրի կարգավորման հարցում արևմտյան երկրների, մասնավորապես, ԱՄՆ-ի՝ ինքնագովազդ անելու մեղադրանքները։ Փրայսի խոսքով՝ այս հարցում Վաշինգտոնի միակն նպատակն է. «Օգնել Բաքվին և Երևանին միասին աշխատել՝ հասնելու համապարփակ և կայուն խաղաղության և, ի վերջո, կյանքեր փրկել»։
«Ես չգիտեմ, թե այդտեղ ի՛նչն է համարվել որպես ինքնագովազդ»,- ասել է պետքարտուղարության ներկայացուցիչը:
Անդրադառնալով մոտ ապագայում Ռուսաստանում Պուտին-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպում անցկացնելու՝ Վլադիմիր Պուտինի առաջարկին, Փրայսն ընդգծել է՝ Երևանը և Բաքուն պետք որոշեն՝ արդյոք ՌԴ նախագահի հրավերն օգտակար կլինի տևական խաղաղության հասնելու հարցում:
Հեղինակ՝ Սիլվի Սիրականյան