Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան հայտարարել է, որ Փարիզը չի պաշտպանում Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունները հետաքննող հատուկ տրիբունալի ստեղծման գաղափարը, հայտնում է ERR պետական հեռարձակման պորտալը։ Նախարարի խոսքով՝ Փարիզն աջակցում է Միջազգային քրեական դատարանի աշխատանքին և քննիչներ է ուղարկել Ուկրաինա։
«Մենք արդեն ունենք մի շարք գործիքներ՝ անպատժելիության դեմ պայքարելու համար: Մենք կարող ենք նաև մտածել լրացուցիչ միջոցների ստեղծման մասին, որոնք դեռ չունենք, և որոնք կարող են ավելի արժևորել միջազգային դատական համակարգը: Սա պետք է իրավաչափ քայլ լինի, որպեսզի եթե նման տրիբունալ ստեղծվի, այն ընկալվի որպես լեգիտիմ և արդյունավետ։ Մենք դեռ այդ փուլում չենք»,- ասել է Կոլոննան։
Ավելի վաղ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը հավանություն էր տվել բանաձևին, որով ռուսաստանյան կուսակցությունները մեղադրվում են «ահաբեկչությանն աջակցելու համար»։ Փաստաթղթում առաջարկվում է նաև ստեղծել հատուկ միջազգային տրիբունալ՝ Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունները հետաքննելու, ինչպես նաև Կիևին հակաօդային պաշտպանության համակարգեր տրամադրելու և երկրի վերակառուցումը ֆինանսավորելու համար։