Սեպտեմբերին Չինաստանը հեղուկ գազի և ածխի ներկրումը Ռուսաստանից հասցրել է ռեկորդային ծավալների։ Այս մասին գրում է Bloomberg-ը՝ վկայակոչելով չինական մաքսային ծառայության տվյալները։
Նախորդ տարվա մոտ 900 հազարի և օգոստոսի 1,9 մլն տոննայի համեմատ՝ սեպտեմբերին Ռուսաստանից մետալուրգիական ածխի ներմուծումը հասել է մինչև 2,5 մլն տոննայի։ Մեկ երրորդով էլ աճել է հեղուկ գազի մատակարարումը՝ հասնելով 819 հազար տոննայի։
Դրան զուգահեռ Ռուսաստանից նավթի ներմուծումը սեպտեմբերին կազմել է 7,5 մլն տոննա՝ օգոստոսի 8,3 մլն և մեկ տարի առաջվա 6,1 մլն տոննայի դիմաց։
Եվ չնայած ռուսական էներգակիրների, ներառյալ՝ նավթամթերքի գնումների ընդհանուր ծավալն անցյալ ամիս դանդաղել է մինչև 7,5 մլրդ դոլար՝ օգոստոսի 8,4 մլրդ դոլարի ռեկորդային ցուցանիշի համեմատ, այնուամենայնիվ, այս ցուցանիշը զգալիորեն գերազանցում է անցյալ տարվա 4,7 մլրդ դոլարը։
Չինաստանը նախկինի պես երբեմն Ռուսաստանից էներգառեսուրսներ է գնում՝ նվազեցված սակագներով, չնայած մատակարարման արժեքն Ուկրաինայում ընթացող մարտերի պատճառով աճել է: Ռուսաստանին ևս ձեռնտու են այդ պայմանները, քանի որ արտահանման համար շուկա է հարկավոր՝ ռազմական գործողությունների ու համատարած պատժամիջոցների պայմաններում:
Այսպիսով, Ուկրաինայում ռազմական գործողությունների մեկնարկից հետո 7 ամսվա ընթացքում մատակարարման ընդհանուր գումարը կազմում է ավելի քան 51 մլրդ դոլար։ 2021 թ. նույն ժամանակահատվածում Չինաստանը Ռուսաստանից գնել է 30 մլրդ դոլարի էներգիա:
Որպես Չինաստանի հիմնական մատակարար՝ Ռուսաստանից առաջ է անցել միայն Սաուդյան Արաբիան:
Հեղինակ՝ Աիդա Կիրակոսյան