Ադրբեջանական վերջին ագրեսիայից հետո ի՞նչ պաշտոնական արձագանքներ կան ՀԱՊԿ-ից, և ի՞նչ ակնկալիքներ կան այս մասով: ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում այս հարցն ուղղեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
«Մենք դիմել ենք ՀԱՊԿ-ին, նաև ՀԱՊԿ-ի կոլեկտիվ անվտանգության խորհրդի նիստում կայացվել է որոշում, որի արդյունքում խումբ է եկել Հայաստան և տեղում դիտարկել ու գնահատել իրավիճակը: Առաջիկայում նախաձեռնում ենք կոլեկտիվ անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, որ քննարկենք այդ զեկույցը: Հուսով եմ, որ հնարավորինս արագ տեղի կունենա նիստը:
Մեր ակնկալիքն է, որ ՀԱՊԿ-ը հստակ քաղաքական գնահատական կտա տեղի ունեցածին, կընդունի ճանապարհային քարտեզ՝ ՀՀ տարածքային ամբողջականությունը վերականգնելու վերաբերյալ»,- ասաց Փաշինյանը:
Նա նշեց, որ սա ոչ միայն ՀՀ Կառավարության, այլև ժողովրդի ակնկալիքն է:
«Կարծում եմ՝ այս երկու որոշումների կայացմամբ բազմաթիվ հարցեր, որոնք այս ընթացքում բարձրացվել են հանրության ու կառավարության կողմից, կստանան պատասխաններ»,- ասաց Փաշինյանը: