Հնդկաստանի պաշտպանության նախարար Ռաջնաթ Սինգխը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ, կողմերը քննարկել են երկկողմ համագործակցությունը և Ուկրաինայում տիրող իրավիճակը։
«Տեսակոնֆերանսի ընթացքում երկու նախարարները քննարկել են երկկողմ պաշտպանական համագործակցությունը, ինչպես նաև Ուկրաինայում վատթարացող իրավիճակը:
Պաշտպանության նախարար Շոյգուն Հնդկաստանի պաշտպանության նախարարին տեղեկացրել է Ուկրաինայում զարգացող իրավիճակի մասին, ներառյալ նրա մտահոգությունները «կեղտոտ ռումբերի» հավանական կիրառման վերաբերյալ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Հնդկաստանի պաշտպանության նախարարության ղեկավարը հաստատել է Հնդկաստանի դիրքորոշումը երկխոսության ու դիվանագիտության ճանապարհով գնալու անհրաժեշտության վերաբերյալ՝ հակամարտությունը հնարավորինս շուտ կարգավորելու համար։
«Նա նշել է, որ կողմերից ոչ ոք չպետք է դիմի միջուկային տարբերակին, քանի որ միջուկային կամ ճառագայթային զենքի կիրառման հեռանկարը հակասում է մարդկության հիմնարար սկզբունքներին»,- ասվում է փաստաթղթում։
Նախարարները պայմանավորվել են կապ պահպանել՝ հավելել են նախարարությունից։
Հեղինակ՝ Սիլվի Սիրականյան