TELEGRAM-Ը՝ ԱՏԵԼՈՒԹՅԱՆ ԽՈՍՔԻ ՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ
Ադրբեջանում Telegram-ը դարձել է ատելության խոսքի, քարոզչության և այլախոհությունը ճնշելու գործիք՝ ասված է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի վերլուծությունում:
«Ադրբեջանում Telegram-ից ավելի հաճախ սկսեցին օգտվել 2020 թվականի Ղարաբաղյան պատերազմի ժամանակ: Երբ 2022 թվականի սեպտեմբերին Հայաստանի և Ադրբեջանի միջև կրկին ռազմական գործողություններ սկսվեցին, ադրբեջանական Telegram ալիքներում հրապարակվեցին հայերի նկատմամբ ադրբեջանցի զինվորականների վայրագությունները»,- ասված է հրապարակման մեջ։
Նշվում է նաև, որ դեռևս 2021 թվականին հայտնաբերվել են ադրբեջանական Telegram խմբեր, որոնք տարածում էին ընդդիմադիր քաղաքական գործիչներին, լրագրողներին, ակտիվիստներին և նրանց ընտանիքի անդամներին վարկաբեկող նյութեր։ Ընդ որում՝ այդ սպառնալիքները ոչ միշտ են սահմանափակվում միայն վիրտուալ տիրույթով: 2021 թվականի մարտին Ադրբեջանի ընդդիմադիր «Ժողովրդական ճակատ» կուսակցության անդամ Մուհամմադ Միրզալիի նկատմամբ մահափորձ է կատարվել հայկական լրատվականներից մեկին տված հարցազրույցից հետո։
ՔՆՆԱՐԿՎԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆ-ԹՈՒՐՔԻԱ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարներ Զաքիր Հասանովը և Հուլուսի Աքարը Ստամբուլում քննարկել են երկու երկրի միջև ռազմական գործակցության զարգացման հեռանկարները՝ հայտնում են Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից։
Կողմերը պայմանավորվել են գործակցել նաև տարածաշրջանային անվտանգության հետ կապված հարցերում։ Լրատվամիջոցների տվյալով՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև Ադրբեջանի կողմից թուրքական BARKAN հեռակառավարվող զրահատեխնիկայի ձեռքբերման վերաբերյալ:
ՎԹԱՐ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՑԵԼ ԲԱՔՎԻ ՋՐԱՏԱՐԻ ՎՐԱ
Բաքվի մի շարք թաղամասեր մնացել են առանց ջրամատակարարման: Տեղական լրատվամիջոցների տվյալով՝ մայրաքաղաքի կենտրոնական ջրամբարները միացնող հիմնական ջրատարում վթար է տեղի ունեցել, պատճառները դեռ հայտնի չեն։ Դեպքի վայր են ժամանել վթարային խմբեր և հատուկ տեխնիկա։
ԽՈՇՈՐ ՀՐԴԵՀ ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳՈՒՄ
Երեկ երեկոյան Սանկտ Պետերբուրգի Մետալոստրոյ շրջանի շինանյութի պահեստում խոշոր հրդեհ է բռնկվել: Հդեհի մակերեսը կազմել է 12.000 քառակուսի մետր՝ հայտնում են Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունից: Ըստ նախնական տեղեկությունների՝ զոհեր և վիրավորներ չկան, հրդեհը մարվել է։ Այժմ Կոլպինսկի դատախազությունը պարզում է պատահարի պատճառները:
ԳԵՐՄԱՆԻԱՆ ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ՌԱԶՄԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ՈՒԿՐԱԻՆԱՅԻՆ
Ուկրաինան կարող է հույսը դնել պաշտպանական ոլորտում Գերմանիայի շարունակական աջակցության վրա՝ Կիևում Վոլոդիմիր Զելենսկու հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը։
«Ուկրաինայի նախագահին խոստացա, որ մոտ օրերս Կիևին համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և չորս հաուբից կմատակարարենք»,- նշել է Շտայնմայերը։ Բեռլինը Կիևին արդեն 686 մլն եվրոյի ռազմական տեխնիկա է տրամադրել, փաթեթում հարձակողական զենքեր չեն ներառվել։
Գերմանիայի նախագահը համոզմունք է հայտնել, որ Ուկրաինային այժմ ամենաշատը հակաօդային պաշտպանության համակարգեր են անհրաժեշտ՝ հիշեցնելով, որ Բեռլինն արդեն մեկ IRIS-T հակաօդային պաշտպանության համակարգ է ուղարկել Ուկրաինա։
Զելենսկու խոսքով՝ Շտայնմայերի հետ քննարկել են նաև Ուկրաինային ֆինանսական և քաղաքական աջակցությունը։ «Մանրամասն անդրադարձանք երկրի վերականգնման հարցին, դա անհրաժեշտ է անել հիմա, հատկապես մինչև ձմեռ»,- հավելել է Զելենսկին։
ԼՈՆԴՈՆԸ ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ԱՋԱԿՑԵԼ ԿԻԵՎԻՆ. ՍՈՒՆԱԿ
Մեծ Բրիտանիայի նորանշանակ վարչապետ Ռիշի Սունակը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ, վստահեցրել՝ Լոնդոնը կշարունակի աջակցել Կիևին։ Կողմերը նաև հանդես են եկել Ռուսաստանի դեմ տնտեսական նոր պատժամիջոցների սահմանման և Մոսկվայի վրա ճնշումը մեծացնելու օգտին։ Սունակը հույս է հայտնել, որ շուտով անձամբ կհանդիպի Զելենսկու հետ։
Զելենսկին Սունակի հետ հեռախոսազրույցը հրաշալի է անվանել, նա տեղեկացրել է, որ Լոնդոնը և Կիևն առաջիկայում ուկրաինա-բրիտանական հարաբերությունների նոր գլուխ են բացելու։