Տարեսկզբից մինչ հոկտեմբերի 20-ը ներառյալ Հայաստանում առևտրաշրջանառությունը կազմել է 7 տրլն 677 մլրդ դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այն աճել է 24.8 տոկոսով կամ 1.5 տրլն դրամով: Տպագրվել են 477 մլն 217 հազար ՀԴՄ և հաշվարկային փաստաթուղթ՝ 7.5 տոկոսով կամ 33 մլն 382 հազարով շատ նախորդ տարվա նույն ժամանակահատվածից: Երևանյան խոշոր առևտրի կենտրոններում նկատել են այս ակտիվությունը:
Տաթևիկ Իսոյան (խանութ-սրահի գանձապահ-վաճառող) - Վերջին ժամանակահատվածում առևտուրը ավելի է ակտիվացել մնացած տարիների համեմատ, և հիմնականում նաև օտարերկրացիներն են սկսել ավելի շատ գնումներ կատարել:
Տեղական հագուստ արտադրող ընկերության խանութում ևս տեմպերը բավականին լավն են՝ ընդգծում է աշխատակիցը:
Անի Աբրահամյան (խանութ-սրահի վիզուալ մերչենդայզեր) - Շատ մեծ ուրախությամբ կարող եմ նշել, որ մեր հայկական արտադրանքը ոչ միայն հետաքրքրում է հայ սպառողին, այլ նաև օտարերկրյա, ու բավականին շատացել են օտարերկրյա սպառողները: Ընդհանուր առմամբ, նախորդ տարիների համեմատ, առևտրի դինամիկան աճել է այս տարի, ու ամեն ինչ անում ենք, որ ոչ միայն հայկական սպառողին, նաև արտասահմանյան սպառողների համար կարողանանք ավելի նորություններ արտադրենք:
Մասնագետների գնահատմամբ՝ մեծածախ առևտուրը վերջին ամիսներին ավելի ակտիվ է, քան մանրածախը: Ինչ վերաբերում է ՀԴՄ-ներով և փաստաթղթերով արտացոլված տվյալներին՝ նշում են:
Արմեն Քթոյան (ՀՊՏՀ վիճակագրության ամբիոնի վարիչ) - Ավելի համեստ աճի պայմաններում տպված ՀԴՄ-ների՝ մենք ունենք ՀԴՄ-ներով շրջանառության ավելի մեծ տեմպերի աճ, դա նշանակում է, որ, էսպես պատկերավոր՝ մեկ չեկը ավելի է թանկացել: Դա նշանակում է, որ այն սուբյեկտները, որոնք որ նպաստել են առևտրի շրջանառության ընդլայնմանը, պատկանում են եկամտային ավելի բարձր սեգմենտին, և տվյալ դեպքում, այո՛, մեր տնտեսական ակտիվության վրա այս պահին վճռական դերակատարում ունեն Ռուսաստանից եկած այցելուները, որոնք որ ոչ միայն առևտրի, այլև այլ ոլորտներում նպաստում են տնտեսական ակտիվության աճին:
Արմեն Քթոյանն ընդգծում է՝ շրջանառության մեծացման մեջ որոշակի դերակատարում է ունեցել նաև գնաճը: Առևտրի աճը միայն տնտեսության վրա չէ, որ դրական է ազդում:
Արմեն Քթոյան - Տնտեսական մեծ ակտիվություն է նկատվել հանրային սննդի, կացության հատվածներում: Սրանք էն ոլորտներն են, որտեղ ներգրավված աշխատողները էսպես շատ մեծ եկամուտներ չեն ստանում, և էդ ոլորտների ակտիվացումը որոշակիորեն թույլ կտա եկամուտների առումով որոշ բարելավումներ ունենալ: Նույնը առևտրի ոլորտի մասով պետք է ասենք. առևտրի ոլորտում ներգրավված են ոչ բարձր եկամուտ ունեցող անձինք, առևտրի ակտիվացումը թույլ կտա իրենց մասով ևս մի ինչ-որ մասնաբաժնով եկամտի ավելացում արձանագրել:
Ընթացիկ ամսվա առևտրի տվյալները ամբողջությամբ կամփոփվեն նոյեմբերին, սակայն առկա տվյալով այն աճել է ամեն ամիս, իսկ ամենաակտիվ առևտուրը արձանագրվել է սեպտեմբերին:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան