ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը տեղեկացրել է՝ Բարսելոնում Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի (ՖԽՎ) Եվրոպայի տարածաշրջանի 34-րդ համաժողովում Հայաստանի դեմ ադրբեջանական ագրեսիայի հարցը քննարկվել է արտահերթ կարգով. այն օրակարգ է ներառվել հենց տեղում, պատվիրակությունների նախագահների խորհրդի որոշմամբ։
«Արդեն լիագումար նիստերին հայկական պատվիրակությունը ներկայացրեց իրավիճակի բոլոր մանրամասները։
Ինձ համար ակնհայտ էր, որ հարցի նկատմամբ ուշադրության էական աճ կա բոլոր պատվիրակությունների շրջանում։ Հստակ աջակցության խոսքեր լսեցինք Ֆրանսիայի, Շվեյցարիայի, Բելգիայի, Լյուքսեմբուրգի և Հունաստանի խորհրդարանականներից, ինչպես նաև ՖԽՎ ներկայացուցիչներից։
Ֆրանսիայի Սենատում ադրբեջանական ագրեսիան դատապարտող բանաձևը քննարկվելու է նոյեմբերի 14-ին»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է պատգամավորը: