Արագիլների երամը բարի լուր է բերել Երևանի համար 18 դպրոցի աշակերտների համար: Վթարային դպրոցը վերակառուցվում է Տարածքային հիմնադրամի սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրով:
Էռնեստ Հովհաննիսյան (աշխղեկ) - Դպրոցն ապամոնտաժվել է, բացի ճակատային պատերից՝ մնացածն ամբողջությամբ ապամոնտաժվել է, իրականացվել են հիմնային աշխատանքներ, հիմքերն են դրվել և՛ նորի, և՛ գոյություն ունեցող պատի համար:
Մուրացանի անվան հիմնական դպրոցի շենքը 70-ականներին է կառուցվել, ֆասադը ճարտարապետական արժեք է, դրա համար էլ նախագծով պահպանվել է: Հիմքերն ամրացրել են և՛ դրսից, և՛ ներսից:
Էռնեստ Հովհաննիսյան - Կարող ենք ասել, որ դպրոցը 9 բալ սեյսմակայունություն ունի: 9 բալը չպիտի ազդի դպրոցի վրա:
Աշխատանքները սկսել են 1.5 տարի առաջ: Այսօր արդեն տանիքն են կառուցում: Սեյսմակայուն դպրոցը ժամանակակից բոլոր չափորոշիչներին համապատասխան է՝ հարմարեցված հաշմանդամություն ունեցողներին:
Էռնեստ Հովհաննիսյան - Կրթօջախ ես կառուցում, պետք է ուշադիր լինես ամեն աշխատանքների համար:
Հարթաչափի փոխարեն աչքերը գործի դնող վարպետ Խաչիկը չի էլ հիշում, թե քանի շենք է կառուցել: Երկար տարիներ դրսում աշխատելուց հետո վերադարձել է հայրենիք:
Խաչիկ Հախվերդյան (շինարար) - Որակի մասին ի՞նչ կասեք: Շատ լավ ա, արտակարգ: Երևի Ռուսաստանից ավելի լավ որակով ա կառուցվում: Մենք ամեն ինչի վրա ուշադրություն ենք դարձնում, ամեն մանրուքի, ամեն միլիմետրը մենք հաշվում ենք, որովհետև մեր երեխաներն են ստեղ գալու դպրոց:
Դպրոցը կառուցվում է 432 աշակերտի համար, ներդրվել է 986 միլիոն դրամ, որի 20 %-ը ՀՀ կառավարության, մյուս մասը՝ Ասիական զարգացման բանկի վարկային միջոցներն են։
Էռնեստ Հովհաննիսյան - Ունի բոլոր հարմարությունները՝ սկսած արևային ֆոտովոլտային համակարգով, վերջացրած ներքին բակով:
Նորակառույց դպրոցը կունենա հակահրդեհային, ջերմամեկուսացման, ջեռուցման համակարգեր, կունենա վերելակ, հարմարավետ մարզադահլիճ, կահավորումը նույնպես նախատեսված է ծրագրով։