ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել «100 գաղափար Հայաստանի համար» նախագծերի համահայկական մրցույթի փորձագիտական հանձնաժողովի և կազմկոմիտեի համատեղ նիստը, որը վարել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:
Քննարկմանը ներկա է եղել Երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետ Զարա Ասլանյանը:
Կազմկոմիտեի նախագահ Արթուր Մարտիրոսյանը ողջունել է նիստի մասնակիցներին՝ ընդգծելով «100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների համահայկական մրցույթի կարևորությունը Հայաստանի համար. «Սա իսկապես նորարարությունն ու երիտասարդների մասնակցությունը քաջալերող լավ ծրագիր է, որը երիտասարդներին հնարավորություն է տալիս ներկայացնելու ապագային միտված իրենց գաղափարները՝ հանրային կյանքն ավելի հեշտ և արդյունավետ դարձնելու համար: Կարևոր է նաև այն, որ հայտերն արդեն կներկայացվեն ոչ միայն գիտական ուղղություններով, այլև հաշվի կառնվի ծրագրերի սոցիալական կիրառելիությունը»:
Նիստի ընթացքում հաստատվել են հայտերի ընդունման ձևաչափին ներկայացվող պահանջները և գնահատման թերթիկի չափորոշիչները: Մասնավորապես, կազմկոմիտեի անդամների որոշմամբ սփյուռքահայ երիտասարդներին հնարավորություն կտրվի հայտերը ներկայացնելու ինչպես հայերեն, այնպես էլ ռուսերեն կամ անգլերեն։ Այս համատեքստում Արթուր Մարտիրոսյանը կարևորել է սփյուռքահայ երիտասարդների ներգրավվածությունը Հայաստանում իրականացվող տարատեսակ միջոցառումներին, որոնց միջոցով կամրապնդվեն սփյուռքի տարբեր համայնքները ներկայացնող երիտասարդների և Հայաստանի ու Արցախի երիտասարդության միջև կապերը:
«100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների համահայկական մրցույթն ուղղված է երիտասարդների նորարարական մտածողության զարգացմանը, ՀՀ-ում սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը, երիտասարդների ներգրավմանը և քաղաքացիական նախաձեռնությունների խթանմանը:
Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի և սփյուռքի 16-35 տարեկան երիտասարդներ կամ հեղինակային խմբեր: Հայտերն ընդունվում են 2022 թվականի հոկտեմբերի 5-ից մինչև նոյեմբերի 5-ը ներառյալ:
Մրցույթն անցկացվում է հետևյալ անվանակարգերում՝
-
Ֆիզիկամաթեմատիկական գիտություններ.
-
Քիմիական գիտություններ.
-
Գյուղատնտեսական գիտություններ.
-
Ռազմական գիտություններ.
-
Տեղեկատվական տեխնոլոգիաներ:
Հայտերն անհրաժեշտ է ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին՝ համաձայն ձևաչափի՝ «Թեմա» բաժնում նշելով մրցույթին ներկայացվող գաղափարի անվանակարգը: