«Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ հետպատերազմյան շրջանում Արցախում իրականացվող ամենամեծ ճանապարհաշինական ծրագիրն ավարտական փուլում է։ Այդ մասին ասված է Արցախի քաղաքաշինության նախարարության Ֆեյսբուքի էջում:
«Ստեփանակերտ-Մարտակերտ մայրուղու նոր ճանապարհահատվածի շինարարական աշխատանքները մեկնարկել են նախորդ տարվա օգոստոսին։ Ճանկաթաղ համայնքով անցնող նշված ճանապարհահատվածով Ստեփանակերտից Մարտակերտ և հակառակ ուղղությամբ ընդհանուր ավտոճանապարհը շուրջ 20 կիլոմետրով կարճ կլինի, քան գործող Ստեփանակերտ-Դրմբոն-Մարտակերտ մայրուղով։
Ճանապարհի երկարությունը 27 կիլոմետր է, իսկ լայնությունը ուղիղ հատվածներում՝ 6 մետր։ Ճանապարհաշինական աշխատանքներն իրականացնելիս, բացի հիմնական հատվածում կատարված աշխատանքներից, շուրջ 3 կմ հատվածում բացվել է նոր ծրագիր՝ իրականացվելով լայնածավալ հողային աշխատանքներ։
Ներկայումս ավտոճանապարհի ասֆալտապատումն արդեն ավարտվել է, և իրականացվում են կահավորման աշխատանքները՝ կողնակների լրացում և հարթեցում, վտանգավոր շրջադարձների հատվածներում բետոնե արգելափակոցների տեղադրում, ճանապարհային նշանների տեղադրում, գծանշում և այլն։
Շինարարական աշխատանքները կատարում են «Քարավան» և «Վերածնունդ» ՍՊ ընկերությունները և «Ճանշին» ՓԲԸ-ն»,- նշված է գրառման մեջ։