Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին ԱՄՆ-ին մեղադրել է տեղեկատվական ահաբեկչության համար: Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգներն արդեն հասկացել է, որ պատժամիջոցները չեն աշխատում, և սկսել է այլ մեթոդներ կիրառել:
Տեղեկատվական ահաբեկչությունն այս դեպքում գլխավոր մեթոդ է դարձել՝ ընդգծել է Իրանի նախագահը: Իրանում անկարգությունների կազմակերպումը ևս, ըստ Ռայիսիի, ԱՄՆ-ի ձեռքի գործն է:
Լրագրողների հետ հանդիպմանը Իրանի նախագահը նշել է, որ Արևմուտքին` ԱՄՆ-ի գլխավորությամբ, չի հաջողվի կասեցնել բազմաբևեռ աշխարհի կառուցումը:
Որպես դրան նպաստող գործոն՝ Ռայիսին նշել է տարածաշրջանային կազմակերպությունների գործունեությունը, ինչպիսին է Շանհայի համագործակցության կազմակերպությունը։
Իրանի նախագահը խոստացել է, որ Իրանի ազդեցությունն աշխարհում և տարածաշրջանում կաճի բարեկամների հետ համագործակցությամբ, և հավելել՝ «մենք լրջորեն ենք վերաբերվում Ռուսաստանի և այլ երկրների հետ հարաբերությունների զարգացմանը»: