ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը խորհրդարանի քննարկմանը ներկայացրեց «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով սահմանվում է պատգամավորների պարտադիր երդման և երդման տեքստը գրավոր ստորագրելու նորմ:
Նրա խոսքով՝ երդման վերաբերյալ նախկինում օրենսդրությամբ սահմանված է եղել ստորագրման պահանջ, սակայն միայն հետագայում տեղերը համալրող պատգամավորների համար:
«Առաջարկը նպատակ ունի բարձր քաղաքական ամբիոնից հրապարակայնորեն տրված հանդիսավոր երդմամբ և դրա գրավոր հավաստմամբ պատգամավորների մեջ ավելացնել իրենց պաշտոնով ու մանդատով ստանձնած պատասխանատվությունը: Երդման նման կարգը կլինի պատգամավորների վարքագծի պարտադիր բաղադրիչ և ժողովրդի համար լրացուցիչ երաշխիք տվյալ պաշտոնյայի հետագա գործունեության օրինականության հարցում»,- ասաց Ղազարյանը:
Պատգամավորը նշեց, որ եղել են դեպքեր, որոնք հիմք են հանդիսացել նման նախագծի մշակման համար:
«8-րդ գումարման ԱԺ-ի առաջին նստաշրջանում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանը երդման տեքստի բովանդակությունը էապես փոխեց: Նա երդվեց հավատարիմ մնալ հոր՝ ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի դավանած սկզբունքներին, ինչը միանգամայն ոչ իրավաչափ գործելակարգ էր՝ անկախ Թաթուլ Կրպեյանի ունեցած և անժխտելի բարձր պատվից ու հարգանքից: Իսկ «Հայաստան» խմբակցության հաջորդ պատգամավոր Իշխան Սաղաթելյանն առհասարակ հրաժարվեց պատգամավորական երդումից՝ պատճառաբանելով, թե իրենց կուսակցական երդումն իր համար բավարար և անհրաժեշտ գործընթաց է»,- ասաց նա: