«Խաղաղ նպատակներով տիեզերական տարածության հետազոտման և օգտագործման ոլորտում համագործակցության մասին Անկախ պետությունների համագործակցության» կոնվենցիայի շրջանակում հնարավորություն կտրվի համագործակցել արբանյակային նավիգացիոն համակարգերի, դրանց հետ կապված տեխնոլոգիաների և ծառայությունների ոլորտներում: Այն հնարավորություն կտա նաև տիեզերական գործունեության արդյունքներն օգտագործել սոցիալ-տնտեսական զարգացման տարբեր ոլորտներում, պաշտպանել տիեզերական միջավայրը:
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ավետ Պողոսյանն այսօր գումարված ԱԺ նիստում ներկայացրել է վերոնշյալ կոնվենցիան վավերացնելու մասին օրենքի նախագիծը:
Հարցուպատասխանի ընթացքում ԱԺ պատգամավոր Սարգիս Խանդանյանը հետաքրքրվել է Հայաստանի առաջին արբանյակի կիրառմամբ և կառավարման կենտրոնի ստեղծմամբ:
Ավետ Պողոսյանը տեղեկացրել է, որ մեր արբանյակը նախատեսվածի պես թռչում է տիեզերական տարածությունում և անցնում պլանավորված թեստային գործողություններ: Անդրադառնալով կառավարման կենտրոնի ստեղծմանը՝ փոխնախարարը նշել է, որ մինչև այս տարվա վերջ Հայաստանում կբացվի կառավարման կենտրոնը:
Կոնվենցիան սահմանում է համագործակցության հետևյալ շրջանակները. հենքային և կիրառական տիեզերական հետազոտություններ, ներառյալ աստղաֆիզիկական հետազոտությունները մոլորակների և աստերոիդ գիսաստղային վտանգի ուսումնասիրությունը, երկրի հեռավար զոնդավորումը տիեզերքից, կոորդինատային ժամանակային և նավիգացիոն ապահովվում, տիեզերական աղբի օգտահանման և վերահսկման խնդրի լուծում, աստերոիդ գիսաստղային սպառնալիքի կանխարգելում և այլն:
Նպատակն է զարգացնել համագործակցությունը խաղաղ նպատակներով տիեզերական տարածության հետագա հետազոտման և օգտագործման բնագավառում, ինչպես նաև տիեզերական տեխնիկայի և տիեզերական տեխնոլոգիաների կիրառումն ի շահ կոնվենցիայի կողմ հանդիսացող պետությունների ժողովուրդների:
««Խաղաղ նպատակներով տիեզերական տարածության հետազոտման և օգտագործման ոլորտում համագործակցության մասին Անկախ պետությունների համագործակցության» կոնվենցիան ստորագրվել է 2018 թ. սեպտեմբերի 28-ին Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի կողմից: