ՌԻՇԻ ՍՈՒՆԱԿԸ՝ ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ՎԱՐՉԱՊԵՏ
Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ Երրորդը վարչապետ է նշանակել Ռիշի Սունակին և հանձնարարել նրան կառավարություն ձևավորել: Վարչապետ նշանակվելուց րոպեներ հետո Սունակը հանդես է եկել ելույթով: Նոր վարչապետի խոսքով՝ Մեծ Բրիտանիան կանգնած է տնտեսական մեծ մարտահրավերների առջև, որոնք պահանջում են կոշտ որոշումներ: «Պուտինի հրահրած պատերազմն Ուկրաինայում ապակայունացրել է էներգետիկ շուկաները և խաթարել մատակարարման շղթաները»,- հայտարարել է Սունակը:
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ Երրորդն ընդունել էր Լիզ Թրասի հրաժարականը: Թրասն իր հրաժեշտի ելույթում նշել է, որ Մեծ Բրիտանիան պետք է կարողանա մրցակցել ավրտորիտար ռեժիմների հետ, որտեղ իշխանությունը գտնվում է մի քանիսի ձեռքում: Նա կոչ է արել աջակցել Ուկրաինային: «Ուկրաինան պետք է հաղթի, և մենք պետք է շարունակենք ուժեղացնել մեր պաշտպանությունը»,- եզրափակել է իր խոսքը Թրասը:
ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ՝ ԲԵՌԼԻՆՈՒՄ
Բեռլինում տեղի է ունեցել Ուկրաինայի վերականգնման միջազգային համաժողովը: Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը համաշխարհային հանրությանը կոչ է արել Ուկրաինայի համար մշակել «Մարշալի նոր պլան» և լայնածավալ օգնություն ցուցաբերել Ուկրաինային՝ ռուսական ագրեսիայի հետևանքով ավերված ենթակառուցվածքների վերականգնման համար: Նա ընդգծել է, որ անհրաժեշտ է սկսել Ուկրաինայի վերականգնումը հենց հիմա՝ խոստանալով, որ օգնությունը չի դադարի նաև պատերազմի ավարտից հետո:
Իր հերթին Ուրսուլա ֆոն դեր Լայենն անդրադարձել է Ուկրաինայի ներկա կարիքների ապահովման անհրաժեշտությանը: Նա պատրաստակամություն է հայտնել շարունակելու Ուկրաինայի ֆինանսավորումն ամսական 1.5 մլրդ եվրոյի չափով: Եվրոպական հանձնաժողովի ղեկավարը նաև հայտնել է, որ Ուկրաինային ամսական անհրաժեշտ է մինչև 5 միլիարդ եվրո՝ միայն բյուջետային ծախսերը ծածկելու համար, ներառյալ՝ աշխատավարձերի և կենսաթոշակների վճարումները:
Համաժողովի ընթացքում տեսակապի միջոցով ելույթ է ունեցել նաև Ոկրաինայի նախագահը: Զելենսկին հայտարարել է, որ ռուսական հրթիռները և իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերը ոչնչացրել են երկրի էներգետիկ ոլորտի ավելի քան մեկ երրորդը։ Ուկրաինայի նախագահի խոսքով երկիրը դեռևս «մեկ ցենտ» անգամ չի ստացել Ուկրաինայի արագ վերականգնման ծրագրի համար, որի ընդհանուր արժեքը կազմում է 17 միլիարդ դոլար: «Ռուսաստանը ոչնչացնում է ամեն ինչ, որպեսզի մեզ համար ավելի դժվար լինի հաղթահարել ձմեռը»,- ասել է Վոլոդիմիր Զելենսկին:
ՌԴ-Ն ԵՎ ԹՈՒՐՔԻԱՆ ԳԱԶԱՅԻՆ ՀԱՆԳՈՒՅՑ ԿՍՏԵՂԾԵՆ
Ռուսաստանն ու Թուրքիան սկզբունքային համաձայնություն են ձեռք բերել գազային հանգույց ստեղծելու վերաբերյալ՝ հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը՝ տեղեկացնելով, որ Անկարան արդեն սկսել է կատարել աշխատանքի իր մասը: Ավելի վաղ, Վլադիմիր Պուտինն առաջարկել էր Թուրքիայում գազային հանգույց ստեղծել։ Նրա խոսքով, այս կերպ հնարավոր է փոխարինել «Հյուսիսային հոսքի» կորցրած ծավալը։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն, անդրադառնալով թեմային, հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում «Թուրքական հոսք» գազատարի թողունակությունը հնարավոր է մեծացնել: Նա նաև հավելել է, որ գազի ոլորտում փոխգործակցությունը մնում է Ռուսաստանի և Թուրքիայի միջև քննարկումների օրակարգում ինչպես ամենաբարձր, այնպես էլ աշխատանքային մակարդակով:
ՌԱԻՍԻՆ ԱՄՆ-ԻՆ ՄԵՂԱԴՐԵԼ Է ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
Իրանի նախագահը ԱՄՆ-ին մեղադրել է տեղեկատվական ահաբեկչության համար: Էբրահիմ Ռաիսին նշել է, որ Միացյալ Նահանգներն արդեն հասկացել է, որ պատժամիջոցները չեն աշխատում, և սկսել է այլ մեթոդներ կիրառել: Տեղեկատվական ահաբեկչությունն այս դեպքում գլխավոր մեթոդ է դարձել՝ ընդգծել է Իրանի նախագահը: Իրանում անկարգությունների կազմակերպումը ևս, ըստ Ռաիսիի, ԱՄՆ-ի ձեռքի գործն է: Լրագրողների հետ հանդիպմանը Իրանի նախագահը նշել է , որ Արևմուտքին` ԱՄՆ-ի գլխավորությամբ, չի հաջողվի կասեցնել բազմաբևեռ աշխարհի կառուցումը: Որպես դրան նպատսող գործոն՝ Ռաիսին նշել է տարածաշրջանային կազմակերպությունների գործունեությունը, ինչպիսին է Շանհայի համագործակցության կազմակերպությունը։ Իրանի նախագահը խոստացել է, որ Իրանի ազդեցությունն աշխարհում և տարածաշրջանում կաճի բարեկամների հետ համագործակցությամբ և հավելել՝ «մենք լրջորեն ենք վերաբերվում Ռուսաստանի և այլ երկրների հետ հարաբերությունների զարգացմանը»: