Հայաստանի տնտեսական ցուցանիշները շարունակում են բարձր տեմպով աճ գրանցել: Ըստ Վիճակագրական կոմիտեի հրապարակման՝ այս տարվա տարվա հունվար-սեպտեմբերին տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 14.1 տոկոսով:
Ամենամեծ աճն արձանագրվել է արտաքին առևտրաշրջանառության ոլորտում՝ 62.5 տոկոս, արտահանումն աճել է 63.8, իսկ ներմուծումը՝ 61.6 տոկոսով: Ծառայությունների ծավալն աճել է 27.1, շինարարությանը՝ 14.3, առևտրաշրջանառությանը՝ 14.5, արդյունաբերական արտադրանքինը՝ 10 տոկոսով: Էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է 16.9 տոկոսով:
Անկում է արձանագրվել միայն գյուղատնտեսության ոլորտում՝ 0.7 տոկոս: 8.6 սպառողական և 4.1 տոկոս արդյունաբերական արտադրանքի գնաճ է գրանցվել:
Անի Իսպիրյան (ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ) - Մենք տարեսկզբից արդեն տեսնում էինք միտումները բարձր տնտեսական աճի, և իրենք պահպանվում են մինչ օրս և մեր գնահատմամբ` կպահպանվեն մինչև տարեվերջ, հիմնական պատճառներից կարող ենք առանձնացնել հայկական արտադրանքի և ծառայությունների հանդեպ պահանջարկի ավելացումը՝ ինչպես ներսում, այսինքն` հայաստանյան շուկայում, այնպես էլ արտերկրում:
Փոխնախարարը շեշտում է՝ արդյունաբերության մեջ այս տարի հիմնականում աճում է մշակող արդյունաբերությունը, ինչը շատ կարևոր է:
Անի Իսպիրյան - Այսինքն` ավելացված արժեքը մեր տնտեսության մեջ գնալով աճում է, այստեղ նույնպես ականատես ենք լինում բազմաթիվ նոր ընկերությունների, որ բացվում են:
Մասնագետների գնահատմամբ աճի նման տեմպ չէր արձանագրվի, եթե չլիներ վերջին ամիսներին Հայաստան ժամանած օտարերկրացիների մեծ ներհոսքը: Այստեղ գործել է շղթայական էֆեկտ:
Սոս Խաչիկյան (ՀՊՏՀ ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետի դեկան) - Այսինքն՝ Ռուսաստանից եկած զբոսաշրջիկները ոչ միայն զբոսաշրջության ոլորտի ծառայություններին են նպաստել, որ ավելանան, այլ նաև բանկային հատվածին: Օրինակ, տեսեք` շինարարության ոլորտում 14 տոկոսից ավել մենք աճ ենք ունեցել, և շինարարության ոլորտի աճը, բնականաբար, բնակարանների գների թանկացումը մենք ակնհայտ տեսնում ենք, որ նույնպես պայմանավորված է որոշ չափով այդ զբոսաշրջիկների մեծ ներհոսքով:
Գյուղատնտեսության ոլորտը վերջին տարիներին անկումային է: Փոխնախարարի կարծիքով՝ պատճառը հաշվարկների մեթոդաբանությունն է, որի հետևանքով է ցուցանիշը բացասական.
Անի Իսպիրյան - Մենք տարեցտարի արձանագրում ենք գյուղատնտեսական մթերքի արտահանման ծավալների աճ, ինչը արդեն իսկ խոսում է նրա մասին, որ այստեղ կարող է լինել մեթոդական բնույթի խնդիր, այսինքն` այս անկումը ոչ թե իրական անկումն է արտացոլում, այլ զուտ մեթոդական ոչ ճշգրիտ մոտեցումը:
Մեթոդաբանական խնդիրներ կան, համաձայնում է Սոս Խաչիկյանը, ընդգծում՝ գյուղոլորտում ևս բարձր ցուցանիշ գրանցելու համար պետք է համակարգված քայլեր անել:
Սոս Խաչիկյան - Շատ լուրջ ներդրումային քաղաքականություն է պետք տեխնոլոգիաների ոլորտում՝ խելացի գյուղատնտեսության շրջանակներում, որն, իհարկե, արվում է, բայց դեռևս դրա ցուցանիշները փոքր են:
Թե՛ իրավասու գերատեսչությունը, թե՛ մասնագետները վստահ են՝ վերջին եռամսյակում առկա տեմպերը առնվազն կպահպանվեն: Եթե որևէ ֆորսմաժորային իրավիճակ չլինի, գուցե անգամ սպասվածից էլ լավ արդյունք արձանագրվի:
Հեղինակ` Նիկոլայ Ավետիսյան