Հայաստանը դժգոհ է իր ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիային Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արձագանքից: Սանկտ Պետերբուրգում կառույցի Խորհրդարանական վեհաժողովի խորհրդին կից ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանների պաշտպանության և անվտանգության կոմիտեների նախագահների համակարգող խորհրդակցությանը հայտարարել է Ազգային ժողովի պատգամավոր Արմեն Խաչատրյանը:
Արմեն Խաչատրյան (ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ) - Ինչո՞ւ առ այսօր այդ ագրեսիվ գործողությունները, գոնե քաղաքական հայտարարությունների ֆորմատով, չեն հնչեցվել ՀԱՊԿ անդամ պետությունների կողմից, ինչո՞ւ Ադրբեջանն առ այսօր չի ճանաչվել ագրեսոր, ինչո՞ւ մարդասիրական օգնություն չկա, ինչո՞ւ ՀԱՊԿ կանոնադրության համաձայն՝ ռազմատեխնիկական և ռազմական օգնություն չկա:
Խորհրդակցությանը Արմեն Խաչատրյանը ներկայացրել է Ադրբեջանի պատերազմական հանցագործությունները, խաղաղ բնակչության նկատմամբ ոտնձգությունները, շեշտել՝ Բաքվի բոլոր գործողությունները ՀԱՊԿ անդամ երկրի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության կոպիտ ոտնահարում են: Բելառուսի պատվիրակն էլ խոստովանել է՝ իրականում չի հասկանում, թե ինչու են բոլորը լռում:
Օլեգ Բելոկոնև (Բելառուսի ԱԺ ներկայացուցիչների պալատի Ազգային անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ) - Անկեղծ եմ ասում՝ լսեցի մեր հայ գործընկերոջ ելույթն ու ինձ անկարող զգացի։ Չգիտեմ։ Պատասխաններ չկան, չեմ էլ հասկանում՝ ինչ է կատարվում, ինչու է կառույցի ռազմական հատվածը լռում այս իրավիճակում։ Ես կգնամ, ինձ համար պատասխաններ կփնտրեմ։ Լա՛վ, ուրեմն որո՞նք են ՀԱՊԿ-ի մեր սահմանները։ Անդամակցում ենք, այսքան տարիներ գոյություն ունի այս կազմակերպությունը, բազում փաստաթղթեր են ընդունվել... Բայց ամեն անգամ սկսում ենք՝ մի դեպքում «չճանաչված տարածքներ», մյուս դեպքում՝ այլ բան:
Արմեն Խաչատրյանի ելույթին արձագանքել են ՀԱՊԿ անդամ պետությունների նաև մյուս ներկայացուցիչները, մի մասը համակարծիք է եղել՝ ՀԱՊԿ քարտուղարության բարձրաստիճան պաշտոնյաները պետք է պարզաբանումներ տան ստեղծված իրավիճակի վերաբերյալ:
Անդրեյ Կարտապոլով (ՌԴ Պետական դումայի պաշտպանության հարցերով կոմիտեի նախագահ) - Դա մեզ անհրաժեշտ է՝ հասկանալու և զգալու մեր կազմակերպության կարևորությունն ու անհրաժեշտությունը։ Այլապես ինչո՞ւ ենք այստեղ, ինչո՞ւ ենք հավաքվում։ Հասկանալի է, որ սիրով հանդիպում ենք մեր հին ընկերների հետ, շփվում, բայց չէ՞ որ դա չէ մեր հիմնական գործունեության նպատակը։ Պետք է պատասխանենք մարտահրավերներին և սպառնալիքներին, որ այսօր ժամանակակից աշխարհում կան մեր երկրների, ժողովուրդների և հասարակությունների առաջ:
Հայաստանի ներկայացուցիչն անդրադարձել է նաև սեպտեմբերի 13-ի ագրեսիայից հետո ՀԱՊԿ Միացյալ շտաբի օպերատիվ խմբի և կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի Հայաստան կատարած այցին, հայտնել՝ այդ առաքելությունների արդյունքները հայկական կողմի համար ընդունելի չեն:
Արմեն Խաչատրյան - Եկան, ծանոթացան, գնացին, բայց ի՞նչը եղավ հետևանքը: Հետևանքը, կարելի է ասել, ոչինչ չեղավ, ինչ-որ հայտարարություններ, և վերջ: Բայց հետևանքը դա չպետք է լիներ, հետևանքը պետք է լիներ կոնկրետ գործողությունների իրականացում, այն գործողությունների, որ ՀԱՊԿ պայմանագրով բոլորը ստանձնել են:
Արմեն Խաչատրյանը խորհրդակցության ընթացքում գործընկերների հայտարարություններից գոհ է, բայց արդյունքների և Հայաստանի ակնկալիքների շուրջ ՀԱՊԿ-ի հնարավոր քայլերի մասին կանխատեսումներում չի շտապում:
Հեղինակ՝ Նորայր Շողիկյան