Շարունակվում են ՀՀ ԱԺ պատվիրակության հանդիպումները Կանադայի խորհրդարանում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը:
«Այսօր հանդիպեցինք խորհրդարանի պատգամավոր, արտաքին գործերի քարտուղար Ռոբերտ Օլիֆանթին։ Հանդիպման ընթացքում պարոն Օլիֆանթը շատ բարձր գնահատեց 2018թ խաղաղ հեղափոխությունը և դրանից հետո մեկնարկած երկրի ժողովրդավարացման գործընթացները և հայտնեց Կանադայի պատրաստակամությունը՝ շարունակելու աջակցել ժողովրդավարական բարեփոխումներին։
Այս համատեքստում մեջբերեցի երեկվա՝ Կանադայի Ներկայացուցիչների պալատի խոսնակի հետ հանդիպումից մի դրվագ, որտեղ պարոն խոսնակը նշել էր, որ Կանադան, որպես ժողովրդավարական երկիր, պարտավոր է աջակցել ժողովրդավարական Հայաստանին՝ իր տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պաշտպանության հարցում, այլապես այն խնդիրը, որն ունի Հայաստանը, վաղը կարող է ունենալ Կանադան։
Բարձր գնահատեցինք Կանադայում մեկնարկած գործընթացները՝ Հայաստանում դեսպանատուն բացելու ուղղությամբ, և այդ համատեքստում կանադացի գործընկերն արձանագրեց, որ նաև դեսպանատան բացմամբ Կանադան ուղերձ է հղում աշխարհին, որ դրանով պաշտպանում է հայկական ժողովրդավարությունը։
Զրույց ծավալվեց նաև ադրբեջանական վերջին ագրեսիայի, ադրբեջանական հակահումանիստական և վայրագ շարունակական գործողությունների և օրակարգային այլ կարևոր հարցերի շուրջ»,- գրել է նա։