Մայրաքաղաքի գրեթե բոլոր անկյուններից տեսանելի, 50 մետր բարձրությամբ «սատանայի անիվ» ատրակցիոնը մի քանի ամիս կառուցվեց, ոչ ոք ոչինչ չնկատեց: Աշխատանքների ավարտից ամիսներ անց միայն Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը գործակարգավարական նիստում բարձրացրեց հարցը: Պարզվեց՝ «Հաղթանակ» զբոսայգու նոր ատրակցիոնը ապօրինի է տեղադրվել:
Քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետի տեղակալի խոսքով` առաջինը ապօրինությունը պետք է նկատեր իրենց աշխատակիցը:
Ինչպե՞ս է ստացվել, որ «Ուրախ ժամանց» ընկերությունը առանց թույլտվության սկսել է կառուցել հսկա անիվը. քաղաքապետարանից պարզաբանում են, որ 2021 թ. հունիսի 4-ին իրենք ընկերությանը տրամադրել են միայն նախագծման թույլտվություն:
Ռուբեն Խոջայան (Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետի տեղակալ) - Հետո կառուցապատողը պետք է նաև պատրաստեր համապատասխան նախագիծ և, հաշվի առնելով ատրակցիոնի ռիսկայնությունը, պետք է անցներ համալիր փորձաքննություն, որից հետո դրական եզրակացությունները ստանալու պարագայում արդեն քաղաքապետարանը կտրամադրի շինթույլտվություն: Եվ ինչ է տեղի ունեցել. շինթույլտվությունը քաղաքապետարանի կողմից չի տրվել, ու արդեն այսօր ունենք տեղադրված ատրակցիոն` առանց համապատասխան թույլտվության:
«Ուրախ ժամանց» ընկերության տնօրենը նշում է՝ նախագծի թույլտվությունը ստանալուն պես սկսել են աշխատանքները:
Վահրամ Ներսիսյան («Ուրախ ժամանց» ընկերության տնօրեն) - Արել ենք համալիր փորձաքննություն, բոլոր փորձաքննությունների պատասխանները դրական են, և դիմել ենք քաղաքապետարանին այս տարի փետրվարին, որպեսզի տան արդեն շինթույլտվություն, մինչև այսօր պատասխան չկա՝ ո՛չ դրական, ո՛չ բացասական: Կոնկրետ պատճառաբանություն, թե ի՞նչ նպատակով, ինչո՞ւ չի տրվում՝ ես չգիտեմ:
Վահրամ Ներսիսյանը ներկայացնում է փաստաթուղթ, որ նաև ԱԻՆ-ն է տվել դրական եզրակացություն տեխնիկական անվտանգության փորձաքննություն համար:
ԱԻՆ մասնագետի խոսքով՝ ատրակցիոնի կառուցման համար փորձաքննությունը բաղկացած է 3 փուլից։ Առաջին փուլը նախագծային փաստաթղթերի, 2-րդը` տեխնիկական անվտանգության վկայագրի փորձաքննությունն է: Երկուսի վերաբերյալ դրական եզրակացություն տրվել է, սակայն երրորդ փուլը կարուսելը չէր անցել:
Մարտին Ասլանյան (ՀՀ ԱԻՆ «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձագիտական լաբորատրիայի պետ) - Գործարկման եզրակացություն այսօր չունենք, քանի որ սպասում են շինթույլտվության փաստաթղթերին, որի հիման վրա մենք կարող ենք գնալ, իրականացնել տեխնիկական անվտանգության փորձաքննություն ու տալ դրական եզրակացություն:
«Ինչո՞ւ է կարուսելը տեղադրվել առանց շինթույլտվության փաստաթղթի» հարցին «Ուրախ ժամանց» ընկերության տնօրենը պարզաբանում է.
Վահրամ Ներսիսյան - Մենք պայամանգիր ունեինք, երբ որ արդեն նախագծայինի թույլտվությունը եղավ, մենք արդեն պայմանագիր կնքեցինք ռուսական Անապա քաղաքում գտնվող «Կարուսել» ընկերության հետ, որ գան, կառուցեն, քանի որ ինժեներական բարդ կառույց էր ու մեկ տարի կտևեր, ու մենք մտավախություն չունեինք, որ շինթույլտվություն չէինք ստանա, սկսեցինք կամաց-կամաց անել մեր աշխատանքները, ու մենք չէինք կարող խախտել էդ ժամկետները:
Հարուցվել է վարչական վարույթ: Ծանուցումն ուղարկվել է ընկերության տնօրինությանը: «Ուրախ ժամանց»-ից պատասխան գրությամբ խնդրել են վարչական վարույթի լսումների օրը հետաձգել 20 օրով:
Ռուբեն Խոջայան - Երբ որ բացատրությունները կներկայացնեն, համապատասխան փաստաթղթեր, դիրքորոշում, ըստ այդմ ամենը կուսումնասիրվի ու համապատասխան որոշում կկայացվի:
Դեռևս համապատասխան թույլտվություն չունեցող «Սատանայի անիվը» ի՞նչ ճակատագրի կարժանանա` հայտնի չէ, պարզ կլինի քաղաքային իշխանության և գործարարի հանդիպումից հետո: Մինչև այդ կարուսելը չի կարող շահագործվել: