Ռուսաստանն ու Թուրքիան սկզբունքային համաձայնություն են ձեռք բերել գազային հանգույց ստեղծելու վերաբերյալ՝ հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը՝ տեղեկացնելով, որ Անկարան արդեն սկսել է կատարել աշխատանքի իր մասը:
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել էր Թուրքիայում գազային հանգույց ստեղծել։ Նրա խոսքով՝ այս կերպ հնարավոր է փոխարինել «Հյուսիսային հոսքի» կորցրած ծավալը։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, անդրադառնալով թեմային, հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում «Թուրքական հոսք» գազատարի թողունակությունը հնարավոր է մեծացնել:
Նա նաև հավելել է, որ գազի ոլորտում փոխգործակցությունը մնում է Ռուսաստանի և Թուրքիայի միջև քննարկումների օրակարգում ինչպես ամենաբարձր, այնպես էլ աշխատանքային մակարդակով: