ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑՈՎ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ Է
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վերջին 7 տարվա մեջ առաջին անգամ աշխատանքային այցով մեկնել է Վրաստան, որտեղ հանդիպել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ: Կողմերն ընդգծել են տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման կարևորությունը: Ղարիբաշվիլին նշել է, որ Վրաստանի կառավարությունը շարունակում է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման խաղաղ գործընթացին:
«Ադրբեջանի նախագահի հետ անդրադարձել ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցային գործընթաց սկսելու վերաբերյալ վերջին պայմանավորվածությանը: Դա, իհարկե, հույս է ներշնչում: Թբիլիսին պատրաստ է շարունակել խաղաղության քաղաքականությունը»,- նշել է Ղարիբաշվիլին՝ հավելելով, որ վրացական կողմի առաջարկած խաղաղ հարևանության նախաձեռնությունը չի հակասում և չի փոխարինում գործակցության որևէ այլ ձևաչափի:
Ալիևը, իր հերթին, նշել է, որ Բաքուն դեմ չէ Հայաստան-Վրաստան-Ադրբեջան ձևաչափով խորհրդակցությունների անցկացմանը, եթե Երևանը տա իր համաձայնությունը: Նա ընդգծել է Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի կնքման անհրաժեշտությունը։
«Նման համաձայնությունը խաղաղություն կբերի տարածաշրջանին և գործակցության նոր հնարավորություններ կբացի»,- ասել է Ալիևը։
ՉՊԵՏՔ Է ՄՈՌԱՆԱԼ ՄՅՈՒՍ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ. ՄԱԿՐՈՆ
Ուկրաինայում ռազմական գործողությունների ֆոնին պետք չէ մոռանալ նաև մյուս հակամարտությունների մասին: Նման հայտարարություն է արել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Հռոմում տեղի ունեցած մշակութային և կրոնական երկխոսության համաժողովի ժամանակ՝ հիշատակելով նաև Հայաստանի դեմ ագրեսիան:
Էմանուել Մակրոն (Ֆրանսիայի նախագահ) - Ուկրաինայում պատերազմի ֆոնին չպետք է մոռանալ Հայաստանում, Սիրիայում, Իրաքում, Սոմալիում, Մերձավոր Արևելքում հակամարտությունների մասին: Աշխարհում կան մարդիկ, որոնք ենթարկվում են հարձակման և ագրեսիայի, կան առաջնորդներ, որոնք որոշել են հարձակվել, ներխուժել ու նվաստացնել։ Մի կողմ քաշվելը կնշանակի ընդունել, որ ուժեղների օրենքը համընդհանուր օրենք է:
ԷՐԴՈՂԱՆՆ ԱՆՁԱՄԲ ԻՄ ԴԵՄ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐ Է ՍԱՀՄԱՆԵԼ. ՄԵՆԵՆԴԵՍ
Քանի դեռ Ադրբեջանն ու Թուրքիան շարունակում են ագրեսիվ քաղաքականություն վարել Հայաստանի և Արցախի նկատմամբ, ես դեռ անելիք ունեմ: Նման հայտարարությամբ է հանդես եկել ԱՄՆ-ի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը։ Նա նշել է, որ 1993-ից Սպիտակ տան բազմաթիվ ղեկավարների հետ քննարկել է Հայոց ցեղասպանությունը դատապարտելու անհրաժեշտությունը։
«Բոլորն ինձ խոստանում էին, որ կճանաչեն, սակայն միայն Ջո Բայդենը հավատարիմ մնաց իր խոստմանը»,- նշել է Մենենդեսը։
Սենատորն ընդգծել է, որ ներկայում ջանքեր է գործադրում Ադրբեջանին ամերիկյան ռազմական օգնությունը կասեցնելու համար:
Ռոբերտ Մենենդես (ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ) - Նախագահ Էրդողանն անձամբ իմ դեմ պատժամիջոցներ է սահմանել՝ ինձ բնութագրելով որպես թուրքական պետության թշնամի։ Եթե մարդու իրավունքների ոտնահարման դեմ խոսելը, Թուրքիայի կողմից Ադրբեջանին զինելն ու անմեղ հայ քաղաքացիականների սպանդը դատապարտելը և պատմական ճշմարտությունը ճանաչելու պահանջը ինձ դարձնում են թշնամի, ուրեմն թող այդպես լինի։ Ես Էրդողանի բնորոշումը կկրեմ որպես պատիվ:
ԵՄ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ՏԱԼԻՍ Է ՀՍՏԱԿ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ. ԱՈՒՐԵՍԿՈՒ
Ռումինիայի արտգործնախարար Բոգդան Աուրեսկուն գոհունակությամբ նշել է, որ Հայաստան-Ադրբեջան սահմանին ԵՄ առաքելության գործունեությունը տալիս է հստակ արդյունքներ:
«Առաքելությանը ներգրավված են փորձագետներ Ռումինիայից, այդպիսով մենք վերահաստատում ենք մեր հանձնառությունը տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը: Մենք ակտիվ դերակատարում ունենք Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության ամրապնդմանն ուղղված ԵՄ աշխատանքներում»,- գրել է նա Թվիթերի միկրոբլոգում։
ԱՋԱԿՑՈՒՄ ԵՄ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ. ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆ ԳԱՐՍԻԱ
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Մայք Գարսիան անդրադարձել է Հայատանի դեմ Ադրբեջանի վերջին ագրեսիային:
«Աջակցում եմ հայ ժողովրդին, քանի որ Ադրբեջանի չհրահրված հարձակումների պատճառով Հայաստանը շարունակում է բախվել հումանիտար ճգնաժամի։ Մենք պետք է աջակցենք հայ ժողովրդին՝ դիմակայելու այս շարունակվող վայրագությունները»,- Թվիթերի միկրոբլոգում գրել է կոնգրեսականը։