Այսօր Ուկրաինայում ՀՀ դեսպան Վ. Կարապետյանը այցելել է Խմելնիցկի մարզի Շեպետիվկա քաղաք՝ մասնակցելու քաղաքի կենտրոնում տեղադրված խաչքարի բացման և օծման արարողությանը: Այդ մասին ասված է Ուկրաինայում Հայաստանի դեսպանության Ֆեյսբուքի էջում:
«Խաչքարը տեղադրվել էր ի նշան հայ և ուկրաինացի ժողովուրդների անմեղ զոհերի հիշատակի: Միջոցառմանը մասնակցում էին և ողջույնի խոսքերով հանդես եկան մարզի, քաղաքային իշխանության և տարբեր դավանանքների ներկայացուցիչները:
Իր խոսքում դեսպան Կարապետյանը նշեց, որ խաչքարի բացումը տեղի է ունենում խորհրդանշական ժամանակաշրջանում, երբ երկու ժողովուրդները կանգնած են անվտանգային լրջագույն մարտահրավերների առջև: Նա կարևորեց արարողությունն ու հայաստանցի և ուկրաինացի պաշտոնյաների ներկայությունը, որպես հայ-ուկրաինական բարեկամության ևս մի նշանակալի դրսևորում:
Արարողությանը հաջորդեց դեսպանի հանդիպումը մարզի տարբեր քաղաքների՝ Խմելնիցիկիի, Կամենեց-Պոդոլսկի, Շեպետիվկայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որի ընթացքում դեսպանը ներկայացրեց Հայաստանում և Հայաստանի շուրջ տեղի ունեցող զարգացումները, խոսեց հայ-ուկրաիանական հարաբերությունների, Ուկրաինայում Հայաստանի դեսպանության գործունեության մասին:
Շեպետիվկա այցելությանը և բոլոր միջոցառումներին մասնակցում էին նաև Հայ առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ եպիսկոպոս Մարկոս Հովհաննիսյանն ու Ուկրաինայում հայերի միության նախագահի տեղակալ Դավիթ Մկրտչյանը»,- նշված է գրառման մեջ: