ԱԺ արտաքին կապերի վարչության պետ Տիգրան Սեյրանյանը նամակ է հղել Կոնստանտին Զատուլինին՝ հաղորդելով, որ նրա մուտքը Հայաստանի Հանրապետություն անցանկալի է:
Զատուլինը միգրացիայի և քաղաքացիության հարցերով Ռուսաստանի Պետդումայի հատուկ ներկայացուցիչն է, Պետդումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի տեղակալը:
Գրության մեջ ասվում է, որ Հայաստանի Հանրապետության դեմ Զատուլինի վերջին հայտարարությունները վնասում են պետությունների միջև բարեկամական և դաշնակցային հարաբերությունների զարգացմանը։
Զատուլինը բազմիցս քննադատել է պաշտոնական Երևանին՝ 44-օրյա պատերազմի պարտության համար: Վերջերս էլ «Երկիր Մեդիայի» եթերում հայտարարել էր, թե վարչապետ Փաշինյանը Հայաստանի սուվերեն տարածքով Ադրբեջանին «միջանցք» տրամադրելու որոշում է ստորագրել:
Եռակողմ հայտարարությունների մեջ, սակայն, Հայաստանի տարածքով միջանցք տրամադրելու պարտավորություն Երևանը չունի, և իշխանությունը բազմիցս հայտարարել է, որ բացառում է նման փաստաթղթի ստորագրումը: