10 տարում՝ 10 միլիոն դոլարի բարեգործություն: Հայկական գյուղերի զարգացման հիմնադրամը սոցիալական և կրթամշակութային ծրագրեր է իրականացնում Արցախում: Ռուսաստանաբնակ բարերար Վլադիմիր Ավագյանի հովանավորությամբ կառուցվել, նորոգվել ու կահավորվել են մանկապարտեզներ, դպրոցներ, խաղահրապարակներ:
Էդգար Վարդապետյան (Հայկական գյուղերի զարգացման հիմնադրամի տնօրեն) - Հայկական գյուղերի զարգացման հիմնադրամի թիրախում միայն գյուղերը չեն, այլ նաև քաղաքները, բայց հիմնական շեշտը դրել ենք գյուղերի զարգացմանն ու բարեկեցությանը:
Արցախի Մարտունի քաղաքի մանկապարտեզն ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի անունն է կրում: Տիպային շենքում երկար ժամանակ շինարարական միջամտություն չի եղել: Հիմնադրամի ֆինանսավորմամբ շենքը նորոգվել է և 12 խմբի հնարավորություն ունի:
Իրինա Ղուկասյան (Մարտունու պետական մանկապարտեզի տնօրեն) - Վերակառուցումից հետո մանկապարտեզը համապատասխանում է բոլոր նորմատիվային պահանջներին՝ ջերմաստիճանն ապահովված է, բոլոր խմբասենյակները կոսմետիկ վերանորոգման են ենթարկվել:
Արցախի կառավարության և հայկական գյուղերի զարգացման հիմնադրամի գործակցությամբ 2019-ին՝ չճանաչված պետությունների Եվրոպայի առաջնությանն ընդառաջ, քաղաքում կառուցվել է «Ավագյան Արենա» մարզադաշտը: Դրան զուգահեռ՝ հիմնադրամը 10 մարզադալիճ է կահավորել Ստեփանակերտում, Ճարտար և Գիշի համայնքներում:
Վահրամ Հակոբյան (Արցախի Մարտունու շրջանի կրթության և սպորտի բաժնի վարիչ) - Հանրակրթական ուսուցման և դաստիարակության հիմքերի հիմքը առողջ երեխան է, որի համար յուրաքանչյուր ոք, յուրաքանչյուր մարդ պարտավոր է իր ունեցածը՝ գիտելիքները, կարողությունները, հմտությունները, ներդնել առողջ երեխա դաստիարակելու համար: Ի վերջո, մենք մի տարածաշրջանում ենք, որ մեզ մշտապես անհրաժեշտ է առողջ սերունդ:
Հերթական մեծածավալ ծրագիրը Հայկական գյուղերի զարգացման հիմնադրամը կյանքի է կոչել Արցախի Ճարտար քաղաքում: Բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել է նաև Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը: Բարերարի ցանկությունն է, որ Արցախում խաղաղություն լինի:
Վլադիմիր Ավագյան (բարերար) - Տա Աստված, որ արցախցիները գլխավերևում խաղաղ երկինք ունենան, տա Աստված, որ արցախցիները կարողանան ապրել ու արարել հայրենի հողում: Ուզում եմ, որ բոլորս աղոթենք այս ամենի համար, և դա կատարվի:
Բազմաֆունկցիոնալ մարզահամալիրը նախատեսված է ֆուտբոլի, բասկետբոլի, վոլեյբոլի և հանդբոլի համար:
Արսեն Գաբրիելյան (հանդբոլի մարզիչ) - Դպրոցում մենք մարզադաշտ ունենք, բայց շատ փոքր էր: Հիմա սա մեզ հնարավորություն է տալիս, որ ավելի պրոֆեսիոնալ ձևով մոտենանք խմբակներին՝ թե՛ ֆուտբոլի, թե՛ ձեռքի գնդակի խմբակներին: Պայմաններն աննախադեպ են, Ղարաբաղում չկա այսպիսի մարզադահլիճ:
Հայկական գյուղերի զարգացման հիմնադրամի ջանքերով Ճարտարում նաև կառուցվել է եկեղեցի, մանկապարտեզ, սալապատվել են գյուղամիջյան ճանապարհներ: