Փարիզի ամենահայտնի պատմական սրահներից մեկում՝ «Ինտերկոնտինենտալ» հյուրանոցի հանդիսությունների սրահում, տեղի ունեցավ Հայաստանի ազգային տոնին՝ Հայաստանի Հանրապետության անկախության 31-ամյակին նվիրված հանդիսավոր ընդունելություն, որին մասնակցեցին Ֆրանսիայի կառավարության անդամներ, Ազգային ժողովի պատգամավորներ, Սենատի անդամներ, տարածքային և քաղաքային իշխանությունների ղեկավարներ, ֆրանսիացի հայտնի մշակութային ու հանրային գործիչներ և ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչներ։
Միջոցառումը մեկնարկեց Ֆրանսիայի հանրապետական գվարդիայի երգչախմբի կողմից Հայաստանի և Ֆրանսիայի ազգային օրհներգերի կատարմամբ:
Հյուրերին ողջունեցին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը և Ֆրանսիայի՝ Եվրոպական հարցերով պետքարտուղար Լորանս Բոոնը։ Իր խոսքում դեսպան Տոլմաջյանը գոհունակությամբ արձանագրեց Հայաստանի անկախության վերականգնումից ի վեր երկու պետությունների հարաբերություններում գրանցված շոշափելի ձեռքբերումները, հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների ներկայիս բարձր մակարդակը և աննախադեպ ջերմությունը։ Դեսպանն անդրադարձավ նաև այն դժվարին փորձություններին, որոնք Հայաստանն ու Արցախը ստիպված են այսօր հայ ժողովրդի դեմ իր իսկ բնօրրանում ընթացող ագրեսիայի պայմաններում։
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՐՁԱԿՄԱՆ Է ԵՆԹԱՐԿՎՈՒՄ ԻՐ ՀՈՂԻ ՎՐԱ. ՏՈԼՄԱՋՅԱՆ
Հասմիկ Տոլմաջյան (Ֆրանսիայում ՀՀ դեսպան) - Այսօր Անկախության տոնին նվիրված այս միջոցառումը հեռու է ավանդական տոնակատարություններից։ Սա առաջին հերթին հնարավորություն է՝ ընդգծելու հայկական պետության անկախության և ինքնիշխանության կարևորությունը։ Այսօր Հայաստանը հարձակման է ենթարկվում իր հողի վրա: Որոշ հարևաններ չեն թաքցնում իրենց հավակնությունները՝ ավարտին հասցնելու 1915 թվականին ցեղասպանությամբ սկսված հայերի էթնիկ զտումը։
Ներկայիս էքզիստենցիալ մարտահրավերների դիմակայելու հարցում դեսպանն ընդգծեց միջազգային հանրության միասնական ու վճռական արձագանքի կարևորությունը՝ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգությունները կանխելու նպատակով։
Հասմիկ Տոլմաջյան - Առանց հաստատակամ ուղերձի, առանց միջազգային հանրության ուժեղ արձագանքի՝ դադարեցնելու Ադրբեջանի ռազմատենչ ձգտումները, որոնց աջակցում է Թուրքիան, այս երիտասարդ ժողովրդավարությունը, որը, սակայն, հին քաղաքակրթություն է, բարբարոսության հարվածների տակ լուռ անհետանալու վտանգի տակ է հայտնվել:
ՖՐԱՆՍԻԱՆ ՎՃՌԱԿԱՆՈՐԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՂՔԻՆ Է. ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐ
Ֆրանսիայի եվրոպական հարցերով պետքարտուղար Լորանս Բոոնն իր հերթին վերահաստատել է Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանին։
Լորանս Բոոն (Ֆրանսիայի եվրոպական հարցերով պետքարտուղար)
Այս ընդունելությունը պետք է տեղի ունենար նախորդ ամիս, սակայն հետաձգվեց, քանի որ Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքը ռմբակոծության ենթարկվեց Ադրբեջանի կողմից: Ես տեսել եմ ավերածությունների պատկերները, կոտրված կյանքեր, ռումբերից փախչող ընտանիքներ: Կիսում եմ հայ ժողովրդի ցավը։
Ֆրանսիացի դիվանագետն անդրադարձավ նաև պաշտոնական Փարիզի կողմից ձեռնարկվող քայլերին:
Լորանս Բոոն - Հավատացե՛ք, մեր դիվանագիտությունը լիովին մոբիլիզացված է։ Ֆրանսիան նաև միջամտելէ՝ հնարավորություն ընձեռելով սահման ԵԱՀԿ կարիքների գնահատման առաքելություն ուղարկելու համար: Այդ առաքելության նպատակը սեպտեմբերի 13-ի բախումներից հետո իրավիճակի և, մասնավորապես, ռազմական իրավիճակը օբյեկտիվ գնահատումն է։
Ֆրանսիան վճռականորեն ձեր կողքին է և կմնա ձեր կողքին, կշարունակի լիարժեք իրականացնել իր պարտականությունները՝ նպաստելու բոլոր հարցերի լուծմանը, այդ թվում՝ Արցախի բնակչության իրավունքների և անվտանգության երաշխիքների ապահովմանը»։
Մեջբերելով նախագահ Մակրոնի խոսքերը՝ երկու երկրի բացառիկ կապի և տարածաշրջանում Հայաստանի կողմից հանուն համընդհանուր հանդուրժողականության ու խաղաղության ոգու տարվող պայքարի մասին, դեսպան Տոլմաջյանը շնորհակալություն հայտնեց Ֆրանսիային այս դժվար պատմական ժամանակաշրջանում Հայաստանին աջակցելու և հայ ժողովրդի հետ համերաշխության համար։
Դեսպանն իր երախտիքի խոսքը ուղղեց նաև Ֆրանսիայի հայ համայնքին, որն անկեղծորեն և հավատարմորեն կապված է Մայր հայրենիքի հետ և ջանք չի խնայում Հայաստանի ու Ֆրանսիայի միջև բարեկամության ամրապնդման համար։
Միջոցառման ընթացքում Ֆրանսիայի հանրապետական գվարդիայի երգչախմբի կողմից կատարվեց նաև Շառլ Ազնավուրի Emmenez-moi հայտնի ստեղծագործությունը։