ՉՊԵՏՔ Է ՄՈՌԱՆԱԼ ՄՅՈՒՍ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ. ՄԱԿՐՈՆ
Ուկրաինայում ռազմական գործողությունների ֆոնին պետք է չմոռանալ նաև մյուս հակամարտությունները: Նման հայտարարություն է արել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Հռոմում տեղի ունեցած մշակութային և կրոնական երկխոսության համաժողովի ժամանակ՝ հիշատակելով նաև Հայաստանի դեմ ագրեսիան:
Էմանուել Մակրոն (Ֆրանսիայի նախագահ) - Ուկրաինայում պատերազմի ֆոնին չպետք է մոռանալ Հայաստանում, Սիրիայում, Իրաքում, Սոմալիում, Մերձավոր Արևելքում հակամարտությունների մասին: Աշխարհում կան մարդիկ, որոնք ենթարկվում են հարձակման և ագրեսիայի, և կան առաջնորդներ, որոնք որոշել են հարձակվել, ներխուժել ու նվաստացնել։ Մի կողմ քաշվելը կնշանակի ընդունել, որ ուժեղների օրենքը համընդհանուր օրենք է:
ԵՄ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ՏԱԼԻՍ Է ՀՍՏԱԿ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ. ԱՈՒՐԵՍԿՈՒ
Ռումինիայի արտգործնախարար Բոգդան Աուրեսկուն գոհունակությամբ նշել է, որ Հայաստան-Ադրբեջան սահմանին ԵՄ առաքելության գործունեությունը տալիս է հստակ արդյունքներ:
«Առաքելությանը ներգրավված են փորձագետներ Ռումինիայից, այդպիսով մենք վերահաստատում ենք մեր հանձնառությունը տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը: Մենք ակտիվ դերակատարում ունենք Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության ամրապնդմանն ուղղված ԵՄ աշխատանքներում»,- գրել է նա Թվիթերի միկրոբլոգում։
ԱՋԱԿՑՈՒՄ ԵՄ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ. ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆ ԳԱՐՍԻԱ
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Մայք Գարսիան անդրադարձել է Հայատանի դեմ Ադրբեջանի վերջին ագրեսիային:
«Աջակցում եմ հայ ժողովրդին, քանի որ Ադրբեջանի չհրահրված հարձակումների պատճառով Հայաստանը շարունակում է բախվել հումանիտար ճգնաժամի։ Մենք պետք է աջակցենք հայ ժողովրդին՝ դիմակայելու այս շարունակվող վայրագությունները»,- Թվիթերի միկրոբլոգում գրել է կոնգրեսականը։
ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑՈՎ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ Է
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վերջին 7 տարվա ընթացքում առաջին անգամ աշխատանքային այցով մեկնել է Վրաստան։ Արտգործնախարար Իլյա Դարչիաշվիլին հայտարարել է, որ երկու երկրի ղեկավարների հանդիպման օրակարգում են նաև տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման հարցերը:
«Վրաստանի դիրքորոշումը հետևյալն է՝ խաղաղությունն ու կայունությունը տարածաշրջանում առանձնահատուկ նշանակություն ունեն։ Թբիլիսին միշտ հայտարարել է այդ հարցում աջակցություն ցուցաբերելու պատրաստակամության մասին»,- ասել է Դարչիաշվիլին։
ՀԱՍԱՆՈՎՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑՈՎ ՄԵԿՆԵԼ Է ԹՈՒՐՔԻԱ
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա՝ քննարկելու երկու երկրի միջև ռազմական գործակցության հեռանկարները։
Ադրբեջանի ՊՆ տվյալով՝ անդրադարձ է կատարվելու նաև տարածաշրջանային անվտանգության մի շարք հարցերի։
Ավելի վաղ թուրքական HAVELSAN ընկերության նախագահ Հաջի Ալի Մանթարը հայտարարել էր, որ Ադրբեջանը ցանկանում է Թուրքիայից գնել Barkan հեռակառավարվող զրահամեքենաներ։ Զրահամեքենաների վաճառքի շուր( բանակցություններ են ընթանում Մալայզիայի, Ինդոնեզիայի, Քաթարի, Քուվեյթի, Սաուդյան Արաբիայի, Պակիստանի, Ուկրաինայի և Ադրբեջանի հետ։