ՌԴ-Ն ՉԻ ԲԱՑԱՌՈՒՄ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԿՈՂՄԻՑ «ԿԵՂՏՈՏ ՌՈՒՄԲԻ» ԿԻՐԱՌՈՒՄԸ
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույցներ է ունեցել Ֆրանսիայի, Թուրքիայի, Մեծ Բրիտանիայի և Միացյալ Նահանգների իր գործընկերների հետ: Ռուսաստանի պաշտպանական գերատեսչության տվյալով՝ Շոյգուն մտահոգություն է հայտնել, որ Կիևը կարող է սադրիչ գործողություններ իրականացնել այսպես կոչված «կեղտոտ միջուկային ռումբի» կիրառմամբ։ Նա շեշտել է, որ ուկրաինական հակամարտությունն անվերահսկելիորեն սրվում է:
Հեռախոսազրույցներից հետո Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունները համատեղ հայտարարություն են տարածել: Նրանք համոզմունք են հայտնել, որ ռուսական կողմի մտահոգություններն արդարացված չեն, և աջակցություն են հայտնել Ուկրաինայի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը։
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրո Կուլեբան վտանգավոր և անհեթեթ է որակել ռուսական կողմի հայտարարությունները, թե Կիևը պլանավորում է «կեղտոտ ռումբ» պայթեցնել Ուկրաինայի տարածքում և դրա համար մեղադրել Ռուսաստանին:
«Ուկրաինան Միջուկային զենքի չտարածման պայմանագրի կողմ է. մենք «կեղտոտ ռումբեր» չունենք»,- հավատացրել է Կուլեբան:
ԶԵԼԵՆՍԿԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐՍԿՍԵԼՈՒ ՊԱՅՄԱՆԸ
Վոլոդիմիր Զելենսկին ներկայացրել է Մոսկվայի հետ բանակցությունները վերսկսելու պայմանը: Նա հիշեցրել է՝ Կիևը հրաժարվում է բանակցել Ռուսաստանի ներկայիս նախագահի հետ:
«Ուկրաինայի օկուպացված տարածքներում հանրաքվեների անցկացումը վերջին կաթիլը դարձավ: Եթե ուզում են բանակցել, թող վերադարձնեն մեր տարածքը՝ 1991 թվականի միջազգայնորեն ճանաչված սահմաններով: Հետո կասենք՝ ինչ ձևաչափով և ում հետ ենք պատրաստ խոսել»,- նշել է Զելենսկին։
ՏՈՒԺԵԼ Է ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ 30-40 ՏՈԿՈՍԸ
Ռուսաստանի զինված ուժերը շարունակում են հարվածներ հասցնել Ուկրաինայի ռազմական հրամանատարության և էներգետիկ համակարգերին՝ հայտնում են ՌԴ ՊՆ-ից։
Ուկրաինայի էներգետիկայի նախարարի խոսքով՝ ռուսական ուժերի հարվածների պատճառով տուժել է երկրի էներգետիկ ենթակառուցվածքների 30-40 %-ը, միլիարդավոր դոլարների վնաս է հասցվել: Հերման Գալուշենկոն տեղեկացրել է՝ իրավիճակը շտկելու համար բանակցություններ են տարվում էլեկտրաէներգիայի օտարերկրյա ներկրողների հետ։
ԻՐԿՈՒՏՍԿ ՔԱՂԱՔՈՒՄ ՌԱԶՄԱԿԱՆ ՕԴԱՆԱՎ Է ԸՆԿԵԼ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ՎՐԱ
Իրկուտսկ քաղաքում Су-30 ռազմական օդանավն ընկել է երկհարկանի բնակելի տան վրա, հրդեհ է բռնկվել, օդաչուները զոհվել են: Բնակիչների շրջանում, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան: ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության տվյալով՝ Су-30-ը ուսումնավարժական թռիչք էր կատարում: Ըստ ՌԴ Քննչական կոմիտեի օդանավի կործանումը անվտանգության և օդային տրանսպորտի շահագործման կանոնների խախտման հետևանք է. դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել:
Օրեր առաջ ուսումնավարժական թռիչքի ժամանակ շարժիչի բռնկման հետևանքով ՍՈւ-34 տեսակի մարտական ինքնաթիռ էր ընկել Կրասնոդարի Եյսկ քաղաքի բնակելի թաղամասի վրա, ինչի հետևանքով զոհվել էր 15 քաղաքացի:
ՍԻ ԾԻՆՓԻՆԸ՝ 3-ՐԴ ԱՆԳԱՄ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԿՈՄԿՈՒՍԻ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
Սի Ծինփինը երրորդ անգամ է ընտրվել Չինաստանի Կոմունիստական կուսակցության գլխավոր քարտուղարի պաշտոնում։ Կոմկուսի կենտրոնական կոմիտեն ընտրել է նաև քաղաքական բյուրոյի նոր կազմը. դրա յոթ անդամները կլինեն՝ Սի Ծինփինը, Լի Ցզյանը, Չժաո Լեցզին, Վան Հունինը, Լի Սին, Ցայ Ցին և Դին Սյուեսյանը:
Լրատվամիջոցների տվյալով՝ 20-րդ համագումարի պատվիրակները նաև հավանություն են տվել Կոմունիստական կուսակցության կանոնադրության փոփոխություններին, որոնց համաձայն, այդ թվում, Սի Ծինպինը հռչակվել է «Կենտրոնական կոմիտեի և ամբողջ կոմկուսի առանցային կերպար», իսկ բոլոր կուսակցականները պարտավորվում են «պաշտպանել գլխավոր քարտուղարին»:
ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԻ ՀԱՄԱՐ ՊԱՅՔԱՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
Մեծ Բրիտանիայի վարչապետ Լիզ Թրասի հրաժարականից հետո Պահպանողական կուսակցության ղեկավարի և երկրի վարչապետի պաշտոնի համար պայքարը շարունակվում է: Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախկին նախարար Ռիշի Սունակը պաշտոնապես հայտարարել է, որ պայքարելու է Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնի համար։ Նույն հայտարարությամբ ավելի վաղ հանդես էր եկել նաև Համայնքների պալատի ղեկավար Փենի Մորդոնտը:
Ակնկալվում էր, որ նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը նույնպես կառաջադրի իր թեկնածությունը։ Նա հայտարարել է, որ ստացել է Պահպանողական կուսակցության 102 պատգամավորի աջակցությունը, ինչը նրան թույլ է տալիս առաջադրվել վարչապետի պաշտոնում։ Ջոնսոնն, այնուհանդերձ, որոշել է չառաջադրվել Պահպանողական կուսակցության ղեկավարի պաշտոնում, քանի որ կարծում է՝ դա սխալ քայլ կլինի: Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնում առաջադրվելու համար թեկնածուն պետք է ստանա խմբակցության առնվազն 100 պատգամավորի աջակցությունը: Այսօր թեկնածության առաջադրման վերջին օրն է:
ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱՆԵՐ ՄՈԼԴՈՎԱՅՈՒՄ
Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևի կենտրոնում հակաիշխանական ցույցեր են: Բողոքի ակցիայի մասնակիցները վրաններ են տեղադրել գլխավոր դատախազության դիմաց։ Լրատվամիջոցների տվյալով՝ ցույցերին մասնակցում են նաև ընդդիմադիր «Շոր» կուսակցության պատգամավորները։ Ցուցարարները պահանջում են նախագահ Մայա Սանդուի հրաժարականը՝ մեղադրելով կառավարությանը էներգառեսուրսների և սննդամթերքի գների բարձրացման, կենսամակարդակի անկման, ինչպես նաև հակառուսական քաղաքականության համար:
Գնաճի դեմ բողոքի ակցիաներ են անցկացվել նաև Հունգարիայում: Տասնյակ հազարավոր ցուցարարներ դեմ են արտահայտվել վարչապետ Վիկտոր Օրբանի քաղաքականությանը: Նրանք նաև պահանջել են բարձրացնել ուսուցիչների աշխատավարձերը: