Բռնցքամարտի Հայաստանի կանանց հավաքականը 1 ոսկե և 2 բրոնզե մեդալ է նվաճել Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում անցկացված բռնցքամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունում:
Եվրոպայի չեմպիոնի կոչմանն արժանացել է Անի Հովսեփյանը: 70 կգ քաշայինների եզրափակչում հայ մարզուհին 4:1 հաշվով առավելության է հասել Իռլանդիայի ներկայացուցիչ Քրիստինա Դեսմոնդի նկատմամբ և արժանացել չեմպիոնի կոչմանը։ Անի Հովսեփյանն առաջնության քառորդ եզրափակչում ավելի վաղ հաղթանակ էր տարել հունգարացի Ռեգինա Լակոսի նկատմամբ, իսկ կիսաեզրափակչում 5։0 հաշվով առավելության էր հասել Չեռնոգորիայի ներկայացուցիչ Թամարա Ռադունովիչի նկատմամբ:
Մեկնաբանելով չեմպիոնությունը՝ Անին նշել է, որ շատ երկար էր սպասել այս մեդալին. «Իռլանդացի բռնցքամարտիկը բավականին բարդ մրցակից էր, բայց ռինգում հաղթելու ու պայքարելու իմ ցանկությունն ավելի մեծ էր, որովհետև ես շատ երկար էի սպասել այս պահին ու այս մեդալին:
Եվրոպայի առաջնությունն արդեն պատմություն է։ Պետք է էլ ավելի լավ պատրաստվել ու զարգացնել այն հաջողությունը, որը ես ունեմ հիմա: Իմ ծրագրերն ու նպատակները կապված են Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի հետ: Հուսով եմ, որ կլինեմ օլիմպիական հավաքականում»:
Ի դեպ, Անի Հովսեփյանն առաջնության ընթացքում նաև ընտրվել է EUBC-ի (Սիրողական բռնցքամարտի եվրոպական ֆեդերացիա) գործկոմի անդամ։ Ընտրությունը կատարվել է բռնցքամարտիկների կողմից։ Գործկոմում են նաև մեկական կին և տղամարդ բռնցքամարտիկներ։ Նրանք գործկոմում կբարձրացնեն բռնցքամարտիկներին վերաբերող հարցեր։
Հայաստանի կանանց հավաքականի կազմում բրոնզե մեդալներ էլ նվաճել են 54 կգ քաշային Եկատերինա Սիչևան և 63 կգ քաշային Սոնա Հարությունյանը՝ կանգնելով պատվո հարթակի երրորդ աստիճանին։
Նշենք՝ հայ բռնցքամարտիկները պատմության մեջ առաջին անգամ են մեդալներ նվաճում բռնցքամարտի Եվրոպայի կանանց մեծահասակների առաջնությունում։
Մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանի գլխավորությամբ Հայաստանի կանանց հավաքականը Եվրոպայի առաջնությանը մասնակցել է 7 մարզիկով: Թիմի կազմում ընդգրկված են եղել նաև Տաթևիկ Խաչատրյանը (57 կգ), Էլիդա Քոչարյանը (60 կգ), Գայանե Տեր-Բարսեղյանը (48 կգ) և Անուշ Գրիգորյանը (50 կգ), որոնք, սակայն, անմասն են մնացել մեդալներից: