Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է՝ մայր օրենքի առաջին հոդվածի համաձայն: Արդարադատության նախարարությունը «Քրեական օրենսգրքում» փոփոխությունների նախագիծ է ներկայացրել, ըստ որի` ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված գործողությունների համար քրեական պատասխանատվություն է սահմանվում:
Տիգրան Դադունց (ԱՆ «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի տնօրեն) - Նախագծով քրեական պատասխանատվություն է նախատեսված երկու արարքի համար, առաջինը` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով հօգուտ այլ պետության կամ միջազգային կամ վերպետական հանրային կազմակերպության Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը լրիվ կամ մասնակի սահմանափակելուն ուղղված գործողություններ կատարելը: Սա քրեորեն պատժելի մի հանցագործություն է, որի համար նախատեսվում է 12-15 տարի:
Ինչպիսին է առկա իրավիճակը: «Քրեական օրենսգրքում» պատասխանատվություն նախատեսված է միայն Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության՝ փաստացի դադարեցնելու համար: Իսկ ինքնիշխանությունից բռնի հրաժարվելուն ուղղված գործողությունների կամ հրապարակային կոչերի համար քրեական պատասխանատվություն նախատեսված չէ:
Ինքնիշխանությունը բացարձակ արժեք է, որը պետք է պաշտպանված լինի նաև քրեական օրենսդրությամբ՝ շարունակում է Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը:
Վլադիմիր Վարդանյան (ՀՀ ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ) - Խոսքը ոչ թե այն դեպքերի մասին է, երբ որ Հայաստանը սահմանադրական եղանակով անդամակցում է վերպետական կազմավորման, այլ երբ որ բռնության արդյունքում փորձ է արվում քաղաքացու կամքին հակառակ նրան ստիպել, որ վերջինս քննարկի կամ քննարկման առարկա դարձնի ինքնիշխանության կորուստը: Սա ՄԱԿ-ի կանոնադրության 204-րդ հոդվածից է բխում, որով արգելվում է ուժի գործադրման սպառնալիքը որևէ երկրի քաղաքական անկախության դեմ:
«Քրեական օրենսգրքում» մեկ այլ փոփոխությամբ էլ արդեն առաջարկվում է քրեական պատասխանատվություն նախատեսել ինքնիշխանության դեմ հրապարակային կոչի համար, որն ուղղված է իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն: Այստեղ արդեն այլ պատժաչափեր են կիրառվում:
Տիգրան Դադունց - Եկամտի 10-30-ապատիկի չափով տուգանք, 100-200 ժամ հանրային աշխատանք, ազատության սահմանափակում երկու տարի ժամկետով կամ երեք տարի: Իսկ եթե կոչը արվում է զանգվածային լրատվության միջոցներով, պատիժն ավելի խիստ է:
Դադունցի գնահատմամբ՝ խոսքի ազատության սահմանափակման մասին այստեղ խոսք լինել չի կարող: Նախագիծն ունի միջազգային իրավական հիմքեր:
Տիգրան Դադունց - Բազմաթիվ փաստաթղթերում նշվում է, որ պետության անվտանգությունը, ինքնիշխանությունը խարխլող ցանկացած գործողության և խոսքի, որը զուգորդվում է բռնությամբ, պետությունը կարող է տալ պաշտպանություն և քրեաիրավական որակում:
Պետության ինքնիշխանության դեմ ուղղված գործողությունները քրեորեն պատժելի են բազմաթիվ երկրներում: Տիգրան Դադունցը մի քանի օրինակ է բերում:
Տիգրան Դադունց - Օրինակ` Գերմանիայում, Սլովակիայում, Լիտվայում:
Նախագիծն այժմ քննարկման է դրված Արդարադատության նախարարության E-draft.am կայքում և հանրային լայն աջակցության է արժանացել: