Հայաստան եկողները տեղի մասշտաբով ռեկորդային խոշոր փողեր են բերում երկիր։ Այստեղից դեպի դուրս փոխանցումները հանած՝ բանկային համակարգը ֆիքսել է զուտ ներհոսք՝ 1,4 մլրդ դոլար, ինչը հավասար է երկրի ՀՆԱ-ի մոտ 10 տոկոսին։ Մեծ, աննախադեպ մեծ գումարներ են գալիս։
Անի Գալստյան (հետազոտական խմբի ղեկավար, տնտեսագիտության թեկնածու) - Հունվար-օգոստոսին 2,9 մլրդ դոլար է եկել Հայաստան, որը մոտավորապես նույն ժամանակաշրջանի համեմատ 1,3 մլրդ-ով գերազանցում է 21 թվականի ցուցանիշը: 2004 թվականից հետո միշտ ստաբիլ ա եղել, ու սենց մի հատ վերելք. դա Հայաստանի նման փոքր տնտեսության վրա շատ մեծ ազդեցություն ա ունենում:
Հանրապետություն մտնող, դուրս եկող և այստեղ ծախսվող գումարները՝ Անի Գալստյանը խնամքով աղյուսակավորել է հետազոտության համար։ Սլավոնական համալսարանում դասավանդելուն զուգահեռ՝ երիտասարդ գիտաշխատողի թիմը պետությունից 16 մլն դրամ թեմատիկ ֆինանսավորում է ստացել՝ ուսումնասիրելու դրամի փոխարժեքի կարգավորման մեխանիզմները՝ նոր իրողությունների պայմաններում։ Նոր իրողությունները՝ ֆինանսական շուկայի, դոլար-դրամ փոխարժեքի վրա շեշտակի ազդող նախ՝ Կորոնա-համաճարակն ու լոք-դաունն էր, ապա՝ Արցախյան պատերազմը, ընթացիկ փետրվարից՝ ռուս-ուկրաինականը, և այդպես շարունակ։ Այս կարճ ընթացքում հայկական տնտեսությունը տարբեր շոկեր ապրեց․ կոնկրետ այժմ՝ դոլարի 405-406 դրամի իջած կուրսի պայմաններում արտահանողները վնաս են կրում, տեղական արտադրողը կորցնում է մրցունակությունը դրսի շուկաներում, փոխարենը՝ շահում են ներկրողն ու սպառողը, որ ցորեն-ձեթ-բրնձի հետ գնաճային ռիսկերը երկիր չեն մտնում։ Փորձը, սակայն, ցույց է տալիս, շատ բան ժամանակավոր է․ ճգնաժամի չբախվելու համար պետք է հիմա պատրաստվել այն փուլին, երբ գումարների հոսքը կդադարի՝ ասում է հետազոտական խմբի ղեկավարը։
Անի Գալստյան - Ռիսկ կա, որ հոսքը կարող է դադարել, հետևաբար մենք մեր առաջ խնդիր ենք դրել պարզելու, թե ինչ ուղիներով է ազդելու արժութային փոխարժեքի տատանումը մեր տնտեսության վրա, որ հասկանանք՝ ինչ մեխանիզմներ են պետք կարգավորման համար, որ նման ռիսկերը հնարավորինս մեղմացնեն: Տեսեք, օրինակ, դրամի փոխարժեքը բարձրացավ մոտ մինչև 530, պետք է մեղմել դրա ազդեցությունը ֆինանսական հատվածի վրա: Մենք առաջարկելու ենք մեխանիզմներ՝ այդ տեսանկյունից ինչպես մեղմել ազդեցությունը և ինչ մեխանիզմներ կիրառել, որ նպաստենք երկրում տնտեսական երկարաժամկետ աճին:
Դրամաշնորհը 2 տարվա հետազոտության համար է։ Թիմի մշակած սցենարներն ու տնտեսաչափական մոդելներով լուծումները կհրապարակեն մասնագիտական ամսագրերում, տարբեր գիտաժողովների միջոցով կփորձեն առաջարկները հասցնել նաև երկրում ֆինանսական քաղաքականության պատասխանատու Կենտրոնական բանկին։