Տևական օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ոստիկանության Նաիրիի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում հավաստի տվյալներ էին ստացվել, որ Երևանում բնակվող 39-ամյա երկու տղամարդ, Եղվարդ քաղաքի Պարույր Սևակի փողոցի առանաձնատներից մեկում ապօրինի պահում են զենք-զինամթերք։ Տարածքային քննչական մարմնում նախաձեռնվեց քրեական վարույթ։
Հոկտեմբերի 18-ին իրավապահ մի շարք կառույցների ծառայողներ, դատարանի որոշմամբ, խուզարկեցին Եղվարդի Պարույր Սևակի փողոցի առանձնատներից մեկը։ Հայտնաբերվել է գործարանային համարով «Մակարով» ատրճանակ՝ լիցքավորված 9 մմ տրամաչափի փամփուշտներով, մարտական վիճակի բերված Pietro Beretta ատրճանակ՝ լիցքավորված 9 մմ տրամաչափի փամփուշտներով, «Սայգա» տեսակի հրազեն՝ լիցքավորված 7,62 մմ տրամաչափի փամփուշտներով, ինքնաձիգի փամփշտատուփ՝ լիցքավորված 29 փամփուշտով, զրահաբաճկոններ, մարիխուանայի նմանվող զանգված և այլն։
Հենց բնակարանում ձերբակալվեցին ու քննչական մարմնին ներկայացվեցին Երևանում բնակվող 39-ամյա երկու տղամարդն ու նրանց 33-ամյա ընկերը, որն օտարերկրյա քաղաքացի է։
Նրանք կալանավորվել ու տեղափոխվել են քրեակատարողական հիմնարկ։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։