Ազգային անվտանգության ծառայությունը մանրամասներ է հրապարակել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանին առնչվող քրեական վարույթի մասին:
Ըստ կառույցի տարածած հաղորդագրության՝ նախաձեռնված քրեական վարույթով բավարար ապացույցներ են ձեռք բերել, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորը պաշտոնեական լիազորությունները չարաշահելով կայացրել է ապօրինի դատական ակտ: Մասնավորապես, դատավորը, տեղեկանալով, որ քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթով մեղադրյալը մտերիմ է իր եղբոր հետ, ակնհայտ ապօրինի դատական ակտ է կայացրել՝ ազատելով նրան կալանքից:
Սա այն պարագայում, երբ առկա է եղել մեղադրայլի նկատմամբ կալանք կիրառելու դատարանի որոշում: Իր մտադրությունները իրականացնելու համար դատավորը ներգրավել է նաև դատական իշխանության ոլորտի մեկ այլ պաշտոնատար անձի, իր օգնականին և փաստաբանի, որոնք էլ օժանդակել են իրեն:
Արդյունքում մեղադրյալը գրավով կալանքից ազատ է արձակվել, երբ մեկ այլ դատավոր այլընտրանքային խափանման միջոց կիրառելու համար հանգամանքները անբավարար էր համարել:
Գործով մեղադրանքներ են առաջադրվել երեք անձի՝ դատավոր Ալեքսանյանին, նրա օգնականին ու փաստաբան Էրիկ Ալեքսանյանին: Նրանց բոլորի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: