Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը Ջերմուկը վերածել է մեծ շինհրապարակի: Այս կադրերն արվել են սեպտեմբերի 13-ից առաջ: Ադրբեջանի ագրեսիայից օրեր անց շինաշխատանքները վերսկվել են ավելի մեծ թափով: Տեղական տնտեսության զարգացման ծրագրով Ջերմուկում իրագործվում է 7 ենթածրագիր:
Աշոտ Ավետիսյան (ՀՏԶՀ Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի համակարգող) - Ջերմուկի համար նախատեսված է 5.7 մլն դոլար, որի 80 տոկոսը Համաշխարհային բանկի վարկային միջոց է:
Մնացած ֆինանսավորումը Կառավարությանն է: Շինարարությունը Հայաստանի առողջարանային քաղաքում մեկնարկել է նախորդ տարվանից: Միայն այս տարի 3 մլն դոլարի աշխատանք է իրականացվում:
Աշոտ Ավետիսյան - 2 մլնի շինաշխատանքներն էլ կլինեն հաջորդ տարի: 700 հազար դոլարի շինարարության մեկնարկն էլ կլինի 23-ի վերջում:
Ծրագրով նախատեսվում է դեպի ջրվեժ տանող ճեմուղու վերականգնում, ավտոկայանատեղիի կառուցում:
Աշոտ Ավետիսյան - ըմպելասրահի շենքի վիճակի բարեկարգում, տաղավարիների, տեղեկատվական կենտրոնի կառուցում և զբոսաշրջային այլ ենթակառուցվածքների ուժեղացում, զարգացում:
Հակոբ Հակոբյան (Աշխղեկ) - կատարում ենք Ջերմուկում վերանորոգման աշխատանքներ: Բորդյուրի սալիկների շարում: Մեր բրիգադը հիմնականում կատարում է սալապաման աշխատանքեր: Կատարում ենք հարթեցման աշխատանքներ ներկա դրությամբ:
Ճանապարհի երթևեկելի մասի ասֆալտի շերտն են վերականգնում, նոր մայթեր կառուցում:
Գնել Սարգսյան (Տեղամասի պետ) - Ծրագրի արժեքն է 794 մլն դրամ, ներկա պահին կատարվում են մայթի սալիկապատման աշխատանքներ, ասֆալտապատման աշխատանքներ, եզրաքարերն ենք փոխում:
Մաշտոցի պողոտան են բարեկարգում, ըմպելասրահ տանող ճանապարհը, Գնդեվանքի քայլարշավային արահետը կկառուցեն հաջորդ տարի:
Գնել Սարգսյան - փողոցներն առանձին-առանձին են, 3 կմ Շահումյան փողոցն է, ունենք 600մ Մյասնիկյան, ընդհանուր առմամբ 4-4.5 կմ:
Զուգահեռ՝ Ջերմուկը վերականգնվում է նաև սեպտեմբերի 13-ի Ադրբեջանի վայրագություններից: Կառավարությունն ագրեսիայից վնասներ կրած 3 մարզերին՝ Գեղարքունիքին, Սյունիքին ու Վայոց Ձորին հատկացրել է 50-ական միլիոն դրամ՝ անհրաժեշտ պարենային և վթարավերականգնիչ աշխատանքների համար:
Վաչե Տերտերյան (ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ) - արդեն կարելի է ասել, որ 3 մարզերի բնակավայրերի հիմնական մասում այդ աշխատանքները ընթացքի մեջ են և մարդիկ արագ կավարտեն, մինչև խոր աշուն..
Վերականգնվում են վնասված հյուրանոց-առողջարանները, բնակելի շենք-շինությունները: Աշխատանքների ծավալն ավելի մեծ է Գեղարքունիքի մարզում:
Վաչե Տերտերյան - Ինչ վերաբերում է մասնավոր տնային տնտեսություններին, ապա արդեն իսկ 151 ընտանիք Գեղարքունիքի մարզպետարանից Սոթք բնակավայրում գումար կհատկացվի: Եվ առաջին փուլով արդեն 78 ընտանիքներ ստացել են այդ գումարները:
60 ընտանիք արդեն սկսել է բնակարանների վերականգնումն ու վերանորոգումը: 18-ը կսկսի մոտ օրերս:
Վաչե Տերտերյան - Մասնավորապես Գեղարքունիքի մարզում մենք շուրջ 1000 ք. մ մակերես ունենք վնասված, 8 բնակելի տներ, որոնք ենթակա չեն մեր էս աջակցության շրջանակում վերականգնման:
Մինչև բնակարանների կառուցումը՝ 8 ընտանիքի կհատկացվեն վարձակալած տներ կամ կացարաններ: Սյունիքում էլ վերականգնում են հրետակոծությունից վնասված 18 բնակելի տների ու շենքերի տանիքները, վնասված հատակի, պատերի նորոգման և այլ աշխատանքները նույնպես ընթացքի մեջ են: