«Հայաստան» համահայկական հիմնադրամը պատրաստվում է նոյեմբերի 24-ին սպասվող ամենամյա հեռուստամարաթոնին: 2021-ի և 2022-ի ծրագրերի վերաբերյալ «Կենսունակ սահմանային համայնքներ» խորագրով հաշվետու ֆիլմը կցուցադրվի հանրային հեռուստաընկերությամբ՝ միաժամանակ ուղերձ հղելով միանալու համահայկական դրամահավաքին:
Հայկակ Արշամյան («Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն) - Մեր տեղական մարմիններից՝ Ֆրանսիան, եվրոպական մյուս երկրներում գտնվող մեր կառույցները համաժամանակյա ֆոնետոն կանցկացնեն, որը նախորդում է հեռուստամարաթոնի օրերին: Մոտ մեկ շաբաթ կտևի, իսկ առաջինը կլինի հոկտեմբերի 30-ին՝ Տորոնտոյում մեր տեղական մարմնի կազմակերպած ճաշ-դրամահավաքը: Այս տարի կկենտրոնանան առողջապահական ծրագրերի վրա:
Համահայկական միջոցներով Տավուշի, Սյունիքի, Գեղարքունիքի, Շիրակի և Արմավիրի մարզերում կիրականացվեն տարբեր ծրագրեր, որոնց նպատակն է բարձրացնել այդ համայնքների կենսունակությունը: Կիրականացվեն վերականգնվող էներգիայի, ենթակառուցվածքների զարգացման, կրթական, առողջապահական ծրագրեր: Արշամյանի խոսքով՝ հատկապես այսօր կարևոր է սահմանային համայնքներին աջակցությունը՝ սահմանի ամրապնդումից մինչև այնտեղ ապրող մարդկանց կյանքի որակի բարելավում:
Հայկակ Արշամյան - Հիմնադրամը վերջին երկու-երեք տարիների գործունեության ընթացքում տարեկան մոտավորապես 30-50 միլիոն դոլարի ծրագրեր է իրականացրել, որը հիմնադրամի կյանքում, 30 տարվա գործունեության ընթացքում ուղղակի աննախադեպ է: Կայքում նվիրատվություն բաժինը վերափոխվել է: Համակարգը, ճկուն է լինելու, ամենակարճը՝ կայքով: Բանկային հաշիվներ ևս ունենք. կոչ եմ անում աջակցել Հայաստանի սահմանային համայնքներին՝ հիմնադրամի միջոցով:
Արշամյանն առանձնացնում է հատկապես Տավուշում, Սյունիքում իրականացվող ծրագրերը: Սյունիքում վերակառուցվել են դպրոցներ, մի քանի համայնքնում տեղադրվել արևային ջրատաքացուցիչներ: Վարդենիսում կառուցվում է 50 երեխայի համար նախակրթարան, Գյումրիում ավարտվել է 2 բնակելիի և մանկապարտեզի կառուցումը: Շիրակի Հայկաձորում անցկացվում է խմելու ջրի ցանց: Արմավիրի Լեռնագոգում կառուցվում են առանձնատներ, որտեղ կբնակվի քաշաթաղցի 12 ընտանիք: Տեղահանվածների համար նման ծրագիր է իրականացվում նաև Ներքին Խնձորեսկում: Տավուշի Խաչարձան գյուղը կապահովվի արևային ջրատաքացուցիչներով ապահովել:
Հայկակ Արշամյան - Եթե միայն այս տարվա մասին ենք խոսում, առնվազն 2-3 մլն դոլար ենք իրականացրել. հաշվի առնելով Գյումրիի երկու շենքերը, արժեքը միայն 3,5-4 միլիոն դոլար է:
Արցախում 2021-ին իրականացվել են 20 միլիարդ դրամի ծրագրեր: Եվս 20 միլիարդ դրամի շարունակական ծրագրեր կան: Մինչև տարեվերջ Արցախում շահագործման կհանձնվի մոտ 300 բնակարան ու առանձնատուն. ըստ Արշամյանի՝ 1 տարում կշահագործվի մինչև 600 բնակարան և տուն՝ նախատեսված Հադրութից և Շուշիից տեղահանվածների համար:
Հայկակ Արշամյան - Ծրագրերը կշարունակվեն նաև 2023-ին, քանի որ Արցախում մեծ թաղամասեր են կառուցվում. մեկը՝ Տիգրան Մեծ փողոցում, մյուսը՝ Աջափնյակ, Իվանյան թաղամասը: Կավարտենք 2023-ին: Խոսքը 1100 առանձնատան, բնակարանի մասին է:
Հիմնադրամն Արցախում ավարտում է 52 կմ ճանապարհի կառուցումը, ինչի կարիքը առաջացել էր 2020-ի սահմանային փոփոխության պատճառով: Շուտով պատրաստ կլինի Մարտակերտ-Ստեփանակերտ 27 կմ-անոց ճանապարհը: