Լեյլի Շեկոյանը Վանաձորի Սանկտ Պետերբուրգ տնակային թաղամասի բնակիչներից մեկն է: Այստեղ ապրում են արդեն 29 տարի: Երկրաշարժին տուն չի կորցրել: Նախ վարձով են ապրել, ապա, Լեյլի Շեկոյանի խոսքով, քաղաքապետարանի աջակցությամբ տեղափոխվել են վագոն-տնակ: Ըստ նրա՝ այդ ժամանակ դուստրը 1 տարեկան էր, հիմա դստեր փոքրիկն է 1 տարեկան:
Լեյլի Շեկոյան (Վանաձորի բնակիչ) - Ասացին՝ օրդեր հանի, օրդերով գրանցեցին, որ մոտ ժամանակները տնով ապահովեն, դա էլ չեղավ: Ասացին՝ հիփոթեքով կտանք 16 տուն, կեսը՝ պետությունը, կեսը՝ մենք, հայտը ներկայացրի: Աշխատում էինք, դրսից եկամուտ ունեինք, հիմա աշխատում է մենակ հիվանդ տղաս:
Լոռու մարզում պետական կամ համայնքային հողամասերում հաշվառված է 998 տնակ, 352-ը՝ Վանաձորում, 446-ը Սպիտակում, 73-ը՝ Ստեփանավանում, իսկ մնացած բնակավայրերում՝ ընդհանուր 127 տնակ: Խնդրի պատճառ են դարձել 88-ին հաջորդող տարիներին երկրաշարժի հետևանքների վերացման աշխատանքների ժամկետները և մոտեցումները: Նաև սոցիալական որևէ խնդրի պատճառով են ընտանիքները վաճառել բնակարանները և հայտնվել տնակում:
Գոռ Ասրյան (Լոռու մարզպետի տեղակալ) - Ըստ որոշման կարգի՝ համայնքները մինչև 2023 թ. փետրվարի 1-ը պետք է մանրամասն տեղեկություններ ներկայացնեն մարզպետարան համայնքներում ներկա տնակների վերաբերյալ, մինչև փետրվարի 10-ը ամփոփվի, ներկայացվի Քաղաքաշինության կոմիտե:
Առաջիկա 5 տարում փուլային եղանակով ամբողջությամբ կլուծվի Հայաստանում տնակների խնդիրը: Կառավարության որոշմամբ ընդունվել է աղետի գոտու բնակավայրերի պետական և համայնքային հողամասերը ոչ հիմնական շինություններից ազատելու կարգը: Ծրագրի մասին հայտարարվել էր Գյումրում՝ 2018-ին՝ երկրաշարժի տարելիցին նվիրված Կառավարության արտագնա նիստում: 2019-ից սկսվեցին փաստագրման աշխատանքները, որոնք համակարգում է Քաղաքաշինության կոմիտեի նախագահի գլխավորած աշխատանքային խումբը:
Տանյա Արզումանյան (Քաղաքաշինության կոմիտեի բնակարանային ֆոնդի կառավարման և կոմունալ ենթակառուցվածքների վարչության պետ) - Եթե նույն խմբի են, նույն կարգավիճակում են, այս ընտանիքների միջև առաջնահերթության տարբերակման մոտեցումներ կան. այստեղ էլ, կախված ընտանիքի սոցիալական վիճակից, ընտանիքում անչափահաս երեխաների թվից, հաշմանդամություն ունեցող անձանց և այլնի առկայությունից, հստակ տարանջատված են:
2019-ին փաստագրված 7 200 ոչ հիմնական շինությունների մեծ մասը բնակեցված է. տնակների 60 տոկոսը տեղադրված, կառուցված է պետական և համայնքային հողամասերում: Այդ հարցը պետությունը առաջնահերթ կլուծի: 40 տոկոսը քաղաքացիների սեփական հողամասերում է, դրանց խնդիրը ևս Կառավարության այս որոշմամբ կարող է լուծվել:
Տանյա Արզումանյան - 2023-ի համար նախատեսված է ազատել այն տնակները, որոնցում ապրող ընտանիքները բնակարան են ստացել, բայց մինչ օրս չեն ազատել և քանդել, այդ իսկ պատճառով չեն էլ գրանցել հատկացված բնակարանների նկատմամբ սեփականության իրավունքը: Լրացուցիչ պարտավորություն չձևավորող միջոցառումներ են, 2023 թ. համար են նախատեսված այս աշխատանքները:
Ոչ հիմնական շինությունների ազատման գործընթացին զուգահեռ՝ պետությունը ընտանիքներին կցուցաբերի աջակցություն՝ կախված տնակներում հայտնվելու պատճառներից: 1 տարվա վարձակալության գումար կտրամադրվի այն ընտանիքներին, որոնք տարբեր տարիներին ստացել են աջակցություն, օրինակ՝ բնակարան են ձեռք բերել, այնուհետև՝ օտարել: Պետությունը կօգնի՝ ընտանիքին հնարավորություն տալով այդ ընթացքում լուծել բնակարանի խնդիրը:
Տանյա Արզումանյան - Եվ կա ավելի մեծ խումբը, այսպես կոչված, որոնք տարբեր պատճառներով անօթևանի կարգավիճակում են, տնակում բնակվողի կարգավիճակում են հայտնված, բայց փաստացի նաև անօթևան են, թերև որևէ կատերգորիայի չեն դասվում: Այս ընտանիքների մասով նախատեսված է սոցիալական բնակֆոնդի կառուցում:
Քաղաքաշինության կոմիտեն նոր բնակֆոնդի կառուցման ծրագիրը կիրականացնի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ: Լուծման ընթացքում է Ստեփանավանի Աշոտաբերդ, Աշոցքի տնակային թաղամասերի, Սպիտակի 2 տնակային հանրակացարանների խնդիրը:
Տանյա Արզումանյան - Սպիտակում շենքը կառուցվում է, եկող տարի կավարտվի, և այս երկու շենքերի բնակիչները կտեղափոխվեն այնտեղ: Արդեն քանդվել են այդ տնակայինները, և այդ տեղում է կառուցվում: Աշոտաբերդի նախագծային աշխատանքներն այս տարի կավարտվեն, հաջորդ տարի կլինի մեկնարկ, և Աշոցքում այս տարի նախագիծը նախաձեռնում ենք: Այսինքն՝ Աշոտաբերդից մի քայլ հետո հաջորդում է այդ խնդիրը: Որտեղ եղել են թաղամասերը, նույն տեղում կառուցվում են նույն շենքերը:
7 200 ոչ հիմնական շինությունից մոտ 2 800-ը Գյումրիում է: Աղետի գոտու բնակավայրերի պետական և համայնքային հողամասերը տնակներից ազատելու Կառավարության որոշումը, ըստ պատասխանատուների, կլուծի մի քանի խնդիր՝ քաղաքաշինական, սոցիալական, առողջապահական:
Տանյա Արզումանյան - Տնակները բաշխված են թաղամասային սկզբունքով: Ունենք դեպքեր, օրինակ՝ Գյումրիին ավելի բնորոշ. տնակներն ավելի ցրված են: Կարծում ենք՝ նպատակն այն է, որ վերականգնվի այս տարածքների քաղաքաշինական միջավայրը՝ ներդրումների համար:
Տանյա Արզումանյանը նշում է՝ Կառավարության որոշմանը նախորդած մեծածավալ աշխատանքներն իրականացվել են գործընկեր գերատեսչությունների, մարզային ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
Ըստ խմբերի՝ շահառուների ցուցակները հաստատելուց հետո կգնահատվի ծրագրի ընդհանուր բյուջեն:
Ոչ հիմնական շինությունների խնդիրը նախատեսվում է լուծել մինչև 2027-ի տարեվերջ: