Այսպես 2000-ից ավելի հաշվարարներ 10 օր շրջել են մոտ 200 հազար հասցեում. Հայաստանում մարդահամար էր:
Մեր երկրում վերջին մարդահամարն անցկացվել է 2011 թվականին: 11 տարում մարդահամարի անցկացման մեթոդաբանությունը փոխվել է: Նախկինում հաշվարարները այցելում էին Հանրապետության բոլոր հասցեներ: Այս տարի մարդահամարն անցկացվեց համակցված տարբերակով: Այս պարագայում օգտագործվում են ռեգիստրների տվյալները, դրան զուգահեռ ամեն բնակավայրում այցելում են յուրաքանչյուր 4-րդ հասցե:
Կարինե Կույումջյան (ՀՀ վիճակագրական կոմիտեի մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ) - Հաշվի առնելով, որ մեր երկրում արդեն իսկ բնակչության ռեգիստրը կայացած է դեռևս սկսած 2006 թվականից և փորձարկման մի քանի փուլ է անցել ընտրությունների և այլնի շրջանում, այդ իսկ նկատառումով, հաշվի առնելով նաև, որ գոյություն ունի սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգը, մենք որոշեցինք համակցված մեթոդով մարդահամարն անցկացնել:
Այս մեթոդով են մարդահամար անցկացնում զարգացած շատ երկրներ՝ պնդում են մասնագետները, ընդ որում՝ շատ դեպքերում ոչ թե համակցված մեթոդով, այլ ամբողջովին հիմնված ռեգստրներում առկա տվյալների վրա:
Արտակ Մարկոսյան (Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի փորձագետ) - Կարծում եմ՝ բավականին մեծ թվով երկրներ կան, որ 10 տոկոսի չափով են դա իրականացնում: Ընդհանուր պատկերը կստանանք, խնդիրներ չեն լինի:
Անկախ Հայաստանում առաջին մարդահամարը եղել է 2001-ին: Մշտական բնակչության թիվն այն ժամանակ անցել է 3 213 011-ը, առկա բնակչությունը ավելի քան 3 002 594 էր: 2011-ի մարդահամարի համաձայն՝ Հայաստանի մշտական բնակչության թիվը նվազել էր՝ հասնելով 3 018 854-ի, առկա բնակչությանը՝ 2 871 771-ի: Ժողովրդագիրների խոսքով, թվերն այս անգամ ավելի ստույգ են լինելու: Վիճակագրական կոմիտեի տվյալով՝ այս տարվա հուլիսին մշտական բնակչության թիվը մեր երկրում եղել է 2 961 900:
Կարինե Կույումջյան - Հաշվի առնելով մեր ընթացիկ հաշվառման տվյալները որոշակի նվազում ունենք մեր 2011 թվականի մարդահամարի համեմատ, սակայն պիտի հաշվի առնենք, որ վերջին ժամանակահատվածում մենք բավական փոփոխություններ, շարժ ունեցանք դեպի մեր երկիր, և, ՍԵԿՏ համակարգի հնարավորություններով պայմանավորված, գուցե, տվյալների մեջ փոփոխություններ արձանագրվեն՝ հաշվի առնելով, որ ՍԵԿՏ-ով երկրի մուտք գործած մարդկանց մի հատվածը հնարավոր է, որ ընթացիկ հաշվառումից, տեսադաշտից դուրս մնացած լինեն:
Կույումջյանի դիտարկմամբ՝ 2011-ի մարդահամարից հետո կար մի շրջան, երբ արտագաղթը մեր երկրից մեծ է եղել, մեկ այլ շրջափուլում դեպի Հայաստան հոսքերն են շատ եղել: Օրինակ՝ Սիրիայի պատերազմի ընթացքում, հիմա՝ Ուկրաինայում ռազմական գործողություններով պայմանավորված: Շատ են նաև 44-օրյայից հետո Արցախից տեղահանվածները:
Երբ ասում են՝ մարդահամար, պետք չէ մտածել, թե արդյունքում միայն Հայաստանում մշտապես բնակվող ու առկա բնակչության թվերն են պարզ դառնում: Սա համալիր միջոցառում է: Այս տարի քաղաքացիները պատասխանել են 50-ից ավելի հարցերի:
Կարինե Կույումջյան - Մարդահամարները հնարավորություն են տալիս ամբողջական տեղեկատվություն հավաքել և ներկայացնել հանրությանը բնակչության կրթական մակարդակի, ամուսնական կարգավիճակի, ուսումնական հաստատություններ հաճախելու, ազգային կազմի, լեզուների տիրապետման վերաբերյալ:
Կոմիտեն տվյալներ է հավաքում նաև շենքային պայմանների, դրանց հնության, տնային տնտեսությունների վիճակի ու պայմանների, մակերեսի, անգամ ջեռուցման համակարգի վերաբերյալ: Միջոցառումը դրական կազդի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման վրա՝ հատկապես մարզերում: Կրթական ոլորտը համակարգող գերատեսչություններն էլ, օրինակ, կարող են այս թվերի հիման վրա դպրոցի կամ մանկապարտեզի կառուցումը ավելի թիրախային դարձնել: Ըստ մասնագետի, այս մարդահամարը վստահելի ու ստույգ աղբյուր կլինի ռազմավարությունների և հայեցակարգերի մշակման համար, այն թույլ կտա ավելի ճշգրիտ կանխատեսումներ անել:
Արտակ Մարկոսյան - Դա հենց այնպես ձևավորված հարցաթերթ չէ, կարող են մեր քաղաքացիներին որոշակի իմաստով տարօրինակ թվալ հարցերը, բայց դրա հիման վրա նաև լուրջ վերլուծություն է կատարվում՝ ընտանիքի կազմի, եկամուտների, աշխատանքի, տարբեր՝ բավական շատ ոլորտներ այդ հարցաթերթիկի մշակման արդյունքում իրենց պատասխաններն ստանում են:
Հարցաթերթերն այլևս ձեռքով չեն լրացվում, բոլոր հաշվարարներին պլանշետներ են բաժանել: Այսպես աշխատանքն ավելի արդյունավետ է և արագ: Ոլորտի հնաբնակները հիշում են՝ նախկին 2 մարդահամարների ժամանակ մարդկանց հետ շփվելը, հարցաշարը ներկայացնելն ու լրացնելը ավելի հեշտ էր, այս անգամ բարդություններ են նկատվել:
Գոհար Մելիքսեթյան (ՀՀ վիճակագրական կոմիտեի մարդահամարի գործառնական վարչության պլանավորման և ծրագրամեթոդաբանական բաժնի պետ) - Ունենք ծայրահեղությունների պատկեր, ունենք բնակիչներ, դուք ինքներդ ականատես եղաք, թե ինչ լավ են ընդունում մեր հարցազրուցավարներին, հաշվարարներին, և ունենք հակառակ պատկերը, երբ բնակիչները կտրականապես մերժում են, չեն ցանկանում մասնակցել մարդահամարներին, ունենք փակ դռներ նաև:
«Ինչո՞ւ հենց մեր հասցեն» մերժումից առաջ ամենից շատ տրվող հարց է եղել: Մելիքսեթյանի պնդմամբ՝ եղել են նաև փակ դռներ: Այդ պարագայում հաշվարարը 3 անգամ այցելում է նույն հասցեն և նոր միայն համակարգում արձանագրում, որ դուռը չեն բացել: Վիճակագրության օրենքի համաձայն՝ մարդահամարը պարտադիր է, քաղաքացին իրավունք չունի հրաժարվել՝ կարող է չպատասխանել միայն ազգության, կրոնի և լեզվի մասին հարցերին:
Գոհար Մելիքսեթյան - Շատ-շատ են մեր մերժումները տոկոսային առումով նախորդ մարդահամարի հետ համեմատ:
Լրատվական դաշտում մարդահամարի անցկացման օրերին հրապարակումներ էին հայտնվում՝ հաշվարարների վատ աշխատելու մասին: Նման բողոքներ նաև Վիճակագրական կոմիտեն է ստացել:
Գոհար Մելիքսեթյան - Հաշվային տեղամասեր՝ հաշվարարներ ունենք, հրահանգչական տեղամասերը 414-ն են: Այսինքն՝ յուրաքանչյուր 5 հաշվարարի հսկում է 5 հրահանգիչ, և երբ մեր հսկողության ժամանակ հանդիպում ենք նմանատիպ դեպքեր, կամ ստանում ենք ահազանգեր, մենք ունեցել ենք հաշվարարներ, որոնց հետ դադարեցրել ենք աշխատանքը, և նրանք չեն շարունակում ծառայություն մատուցել:
Բուն մարդահամարի գործընթացն ավարտվել է, բայց դեռ շատ անելիք կա: Առաջիկա 5-6 ամիսներին կվերլուծեն արդյունքները: 2023-ի առաջին կիսամյակում կոմիտեն կհրապարակի նախնական տվյալներ՝ հիմնականում բնակչության թվաքանակի ու քաղաքային-գյուղական բաշխվածության վերաբերյալ:
Ամբողջական պատկերը վիճկոմիտեն 2023-ի վերջին կունենա: