Քրեական դատավարության նոր օրենսգրքով ներդրվել է նոր ինստիտուտ՝ ցուցմունքի դատական դեպոնացումը: Այս ինստիտուտը այնպիսի դեպքերի համար է, երբ, օրինակ՝ վտանգ կա, որ վկան դատաքննության փուլում կարող է լքել երկիրը կամ չներկայանալ դատական նիստերին, և կողմերը ոչ միայն հնարավորություն չեն ունենում հարցաքննել տվյալ վկային, այլև ապահովել մեղադրյալի հակընդդեմ հարցման իրավունքը:
Այս դեպքում քննիչը միջնորդություն է ներկայացնում դատարան, որ նախաքննության փուլում անգամ տվյալ վկան ներկայանա դատարան և հարցաքննվի, որը դատաքննության փուլում կարող է համարվել որպես վավեր ապացույց:
Արփինե Սարգսյան (ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ) - Մեղադրյալը փաստացի դատաքննության փուլում չի կարողանում իր դեմ ցուցմունք տված վկային հակընդդեմ հարցման ենթարկելու, և սրանով իսկ, բնականաբար, խոչընդոտներ են ստեղծում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով ամրագրված հակընդդեմ հարցման իրավունքի իրացման տեսանկյունից:
Բացի այդ, որ մենք չենք երաշխավորում հակընդդեմ հարցման իրավունքը, սրանով նաև քննությունը տարվում է փակուղի, որովհետև դատարանները շատ ու շատ դեպքերում կանգնում են խնդրի առջև, որ չեն կարողանում ճիշտ կերպով օգտագործել մինչդատական վարույթում ստացված ցուցմունքը, քանի որ վկան կամ տուժողը չի ներկայանում դատական քննության:
Եթե մինչդատական վարույթում տվյալներ են ստացվում, որ վկան առաջիկա ամիսների ընթացքում չի գտնվելու Հայաստանում և կամ նախատեսում է մեկնել, ապա նշվածը հիմնավոր ենթադրություն է տալիս քննիչին առ այն, որ դատաքննության փուլում տվյալ վկային հարցաքննելու հնարավորությունը դատարանում կարող է բացառվել:
Արփինե Սարգսյան - Ցուցմունքի դատական դեպոնացումը հնարավորություն է տալիս այն դեպքերում, երբ որ մենք ունենք հիմնավոր ենթադրություն, որ հետագայում դատաքննության փուլում հնարավորություն չենք ունենալու լսելու տվյալ դատավարության մասնակցին, մինչդատական վարույթում իսկ դատական պրոցեսի ներգրավմամբ դեպոնացնել տվյալ վկայի կամ տվյալ տուժողի, կամ մեղադրյալի ցուցմունքը:
Կարող են դեպոնացվել վկայի, տուժողի, նաև այն մեղադրյալների ցուցմունքները, որոնք, օրինակ՝ նույն գործով ցուցմունք են տալիս մեկ այլ մեղադրյալի դեմ:
Արփինե Սարգսյան - Այս դեպքում ևս մեծ է հավանականությունը, որ, օրինակ՝ այդ մեղադրյալը գուցեև հետագայում ՀՀ տարածքում չգտնվի, և մյուս մեղադրյալը հնարավորություն չունենա օգտագործել իր դատավարական իրավունքները: Ըստ այդմ՝ ցուցմունքի դատական դեպոնացումը թույլ կտա ապահովելու հակընդդեմ հարցման հնարավորությունը:
Այդ գործողության դեպքում պաշտպանի մասնակցությունը պարտադիր է:
Արփինե Սարգսյան - Եթե պաշտպանի պարտադիր մասնակցություն մենք չունեցանք, սա հետագայում կարող է տանել այս ապացույցի վիճարկման և, բնականաբար, հետագա չօգտագործման, որովհետև նույն այդ մեղադրյալը կարող է դատական քննության փուլում հրաժարվել իր տված ցուցմունքներից:
Մյուս դեպքը, որը թույլ է տալիս ունենալ ցուցմունքի դատական դեպոնացումը, այն է, երբ կա հիմնավոր ենթադրություն, որ դատավարության մասնակիցը հետագայում դատաքննության փուլում իրավաչափորեն կհրաժարվի ցուցմունք տալուց:
Արփինե Սարգսյան - Լինում են դեպքեր, երբ, օրինակ՝ վկան հետագայում գալիս է դատարան և չի տրամադրում այն ցուցմունքը, որը պետք է տրամադրեր, կամ ձգձգում է դատական պրոցեսները, կամ, օրինակ՝ մեղադրյալը հրաժարվում է դատաքննության փուլում ցուցմունք տալուց, օրինակ՝ օգտվում է սահմանադրական իր լռելու իրավունքից՝ ցուցմունք չի տալիս: Այս դեպքում ևս ցուցմունքի դատական դեպոնացումը կգա օգնելու հաղթահարելու այս դեպքերը:
Ցուցմունքի դատական դեպոնացում նախաձեռնելու դատավարական հիմքը միջնորդությունն է: Միջնորդություն ներկայացնելու իրավունք ունի ինչպես քննիչը, այնպես էլ վարույթի այլ մասնակիցներ:
Արփինե Սարգսյան - Միջնորդության մեջ քննիչը, օրինակ՝ պետք է հիմնավորի ցուցմունքի դատական դեպոնացման անհրաժեշտությունը և նաև ներկայացնի այն փաստարկները, որոնք կվկայեն, որ իրականում առկա է հիմնավոր ենթադրություն, որ, օրինակ՝ տվյալ վկան այլևս Հայաստանի Հանրապետություն չի վերադառնալու կամ հետագայում իրավաչափորեն մեղադրյալը, օրինակ՝ հրաժարվելու է դատարանում ցուցմունք տալուց, օգտվելու է իր լռելու իրավունքից:
Եթե դատարանը մերժի ներկայացված միջնորդությունը, ապա դատարանի որոշումը ենթակա է բողոքարկման:
Իսկ արդյոք դատարանը կարո՞ղ է մինչդատական վարույթում գտնվող գործի փաստական հանգամանքների վերաբերյալ հարցեր տալ կողմերին կամ միջամտել պրոցեսին:
Արփինե Սարգսյան - Այս հարցի պատասխանը միանշանակ ոչ է: Մինչդատական վարույթում սա կհամարվի միջամտություն ըստ էության դատարանի կողմից, որովհետև հետագայում, բնականաբար, տեղափոխվելու ենք դատական քննության վարույթ, և այստեղ պետք է շատ հստակ դերաբաշխումը լինի այս տեսանկյունից: Դատարանը կարող է միայն պարզաբանող հարցեր տալ տվյալ դատավարության մասնակիցներին և նաև ներկայացնել իրենց իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցեր:
Մեղադրյալի հակընդդեմ հարցման իրավունք և դատարանի ծանրաբեռնվածության թեթևացում՝ սա է հիմնականում դրված ցուցմունքի դեպոնացման հիմքում:
Դեպոնացման պրոցեսը տեսաձայնագրառվելու է, վկային կհարցաքննեն դռնփակ ռեժիմով:
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան