Հայաստանում հարյուրավոր աղջիկ երեխաներ չեն ծնվում. պատճառը սեռն է: Հայկական ընտանիքների որոշ հատված գերադասում է որդի ունենալ, նույնիսկ եթե այս նպատակի համար պետք է հրաժարվի իգական սեռի պտղից: Բժշկության համար այդքան անհրաժեշտ ուլտրաձայնային հետազոտության սարքը ժամանակի ընթացքում պտղի սեռով պայմանավորված հղիության ընդհատումների կտրուկ ավելացման պատճառ դարձավ:
Նունե Փաշայան (ՀՀ ԱՆ մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ) - Առաջին անգամ խնդիրը բարձրացվեց 2010 թվականին, և տեսանք, որ մենք զիջում ենք միայն Չինաստանին:
Մինչև օրս սեռով պայմանավորված ընդհատումները մեր երկրում դեռ ամբողջությամբ լուծված չեն, չնայած վերջին 11 տարվա ցուցանիշները ցույց են տվել, որ տարեցտարի դրական դինամիկա է նկատվում: Ըստ ԱՀԿ-ի՝ ժողովրդագրության բնական ցուցանիշը 100 աղջկա դիմաց 105 տղա երեխայի ծնունդն է: Հայաստանում ամենաբացասական ցուցանիշը եղել է 90-ականներից 2000-ական թվականներին՝ 100 աղջկա դիմաց 120 տղա, այնինչ արդեն 2010-ին հարաբերակցությունը 100/114 էր, իսկ ահա նախորդ տարի գրանցվել է ամենադրական ցուցանիշը, որը նորմայից կրկին բարձր էր՝ 100/108.8 համամասնությամբ:
Զարուհի Տոնոյան (ՄԱԿ-ի Պտղի սեռով պայմանավորված խտրական ընտրության պայքարի դեմ ծրագրի ղեկավար) - Սելեկտիվ աբորտները ընդամենը միջոց են խտրական մոտեցման, խորքային է ավելի խնդիրը, քանի որ մենք գործ ունենք կարծրատիպերի հետ՝ կնոջ և աղջիկ երեխայի դերակատարության մասին ենք խոսում, ու մեր նպատակն է այդ իրազեկումը բարձրացնելը:
Փոփոխություններ գրանցվել են միայն պետության ու միջազգային կառույցների համատեղ արդյունավետ աշխատանքի արդյունքում՝ ասում է ՄԱԿ-ի Պտղի սեռով պայմանավորված խտրական ընտրության պայքարի դեմ ծրագրի ղեկավարը: Իրենք մի շարք ծրագրեր են իրականացրել, որոնց նպատակը եղել է աղջիկ երեխայի և կնոջ դերի բարձրացումը: Մեր օրենքը թույլ է տալիս հղիության արհեստական ընդհատում անել մինչև 12 շաբաթականը: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ առաջին երեխայի դեպքում սեռի ընտրությունը ցածր տոկոս է կազմում:
Նունե Փաշայան - Պրոբլեմը սկսվում է երկրորդ և հատկապես երրորդ երեխայի դեպքում, նախարարությունը մի շարք միջոցառումներ արեց, և դրանից հետո պրոգրեսը նկատվեց: Արգելվեց աբորտը պտղի սեռի հատկանիշով, և, միաժամանակ, Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում ևս նախատեսվեց պատասխանատվություն, 3 օր սպասելաժամանակ նախատեսվեց, քանի որ կանայք որոշում են կայացնում սպոնտան, քանի որ շատ դեպքերում դա իրենց սեփական որոշումը չի լինում, և նաև պարտադիր խորհրդատվություն է արվում, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ արհեստական ընդհատումը, և շատ դեպքերում խորհրդատվությունից հետո կանայք փոխում են իրենց մտադրությունը:
Այս տարվա առաջին կիսամյակի ցուցանիշները վկայում են, որ 100 աղջկա դիմաց ծնվել է 111 տղա:
Առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ ամփոփ պատկեր հնարավոր կլինի ունենալ միայն տարեվերջին: