ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԻՏԱԼԻԱՅԻ ՆՈՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՐԴՄՆԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ
Հռոմում նախագահ Սերջիո Մատարելլայի ներկայությամբ տեղի է ունեցել Իտալիայի նոր կառավարության երդմնակալությունը: Այն գլխավորել է «Իտալիայի եղբայրներ» կուսակցության ղեկավար Ջորջա Մելոնին: Նա Իտալիայի առաջին կին վարչապետն է:
Կառավարությունը կազմված կլինի «Իտալիայի եղբայրներ», «Լիգա» և «Առա՛ջ, Իտալիա» կուսակցությունների ներկայացուցիչներից: Նախարարների կաբինետում 24 նախարար կլինի, 6-ը՝ կին:
Եվրախորհրդարանի նախկին ղեկավար, «Առա՛ջ, Իտալիա» կուսակցության փոխնախագահ Անտոնիո Տայանին կգլխավորի արտգործնախարարությունը, իսկ «Լիգա» կուսակցության ղեկավար Մատեո Սալվինին նշանակվել է ենթակառուցվածքի և տրանսպորտի նախարարի պաշտոնում: Երկուսն էլ զբաղեցնելու են նաև փոխվարչապետի պաշտոնը։
Հոկտեմբերի 23-ին տեղի կունենա վարչապետի լիազորությունների փոխանցման արարողությունը, ապա նախարարների խորհրդի առաջին նիստը։
Նոր կառավարությունը դեռ պետք է ստանա մեծամասնության հավանությունը խորհրդարանում։ Քվեարկությունը տեղի կունենա հաջորդ շաբաթ։
ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԻ ՀԱՄԱՐ ՊԱՅՔԱՐՈՒՄ Է 3 ԹԵԿՆԱԾՈՒ
Մեծ Բրիտանիայի վարչապետ Լիզ Թրասի հրաժարականից հետո սկսվել է Պահպանողական կուսակցության ղեկավարի և երկրի վարչապետի պաշտոնի համար պայքարը:
Հիմնական հավակնորդները նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը, ֆինանսների նախկին նախարար Ռիշի Սունակը և Համայնքների պալատի ղեկավար Փենի Մորդոնտն են:
Բրիտանական լրատվամիջոցների տվյալով՝ Սունակը ստացել է Պահպանողական կուսակցության 357 պատգամավորից ավելի քան 100-ի աջակցությունը, նույնն է պատկերը նաև Բորիս Ջոնսոնի դեպքում: Իսկ Մորդոնտը, որը դեռևս միակն է պաշտոնապես հայտարարել ընտրապայքարին մասնակցելու մասին, այս պահին ստացել է Պահպանողական խմբակցության 18 անդամի աջակցությունը: Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնում առաջադրվելու համար թեկնածուն պետք է ստանա խմբակցության առնվազն 100 պատգամավորի աջակցությունը: Առավելագույն ձայներ ապահոված երկու թեկնածուները կանցնեն հաջորդ փուլ:
ԿԻԵՎՆ ԱՐԵՎՄՈՒՏՔԻՑ ԱԿՆԿԱԼՈՒՄ Է ՀՕՊ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ. ՇՄԻԳԱԼ
Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը հայտարարել է, որ Կիևն Արևմուտքից ակնկալում է հակաօդային պաշտպանության համակարգեր և անօդաչու թռչող սարքերին հակազդելու միջոցներ:
Ուկրաինայի վարչապետը նաև մտահոգություն է հայտնել՝ եթե ձմռանը Ուկրաինայում պատշաճ էներգամատակարարում, ջրամատակարարում և ջեռուցում չապահովվի, ապա Եվրոպան կբախվի միգրացիոն աղետի։
ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ ԵՆ ETERNITY-2022 ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Թուրքիայում մեկնարկել են «Eternity-2022» հրամանատարաշտաբային զորավարժությունները, որոնց մասնակցում են Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի զինծառայողները։
Լրատվամիջոցների տվյալով՝ երեք երկրի զինված ուժերի փոխգործակցության ամրապնդման նպատակով անցկացվող միջազգային զորավարժությունները կշարունակվեն մինչև հոկտեմբերի 28-ը։
ԱՎԱՐՏՎԵԼ Է ՉԺՀ ԿՈՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ 20-ՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԸ
Պեկինում ավարտվել է հոկտեմբերի 16-ին մեկնարկած Չինաստանի Կոմունիստական կուսակցության 20-րդ նստաշրջանը։
Մասնակիցներն ընտրել են Կոմկուսի Կենտրոնական կոմիտեի և Կարգապահական տեսչության կենտրոնական հանձնաժողովի նոր կազմը։ Քաղբյուրոյի մշտական կոմիտեի յոթ անդամից չորսը չի ընդգրկվել Կենտկոմի նոր կազմում։
Ակնկալվում է, որ հոկտեմբերի 23-ին կկայանա Չինաստանի Կոմկուսի կենտկոմի առաջին լիագումար նիստը, որի ընթացքում կընտրվի նաև Կոմունիստական կուսակցության Կենտկոմի գլխավոր քարտուղարը։ Այդ պաշտոնը 2012 թվականից զբաղեցնում է Սի Ծինփինը:
20-րդ համագումարի պատվիրակները հավանություն են տվել նաև Չինաստանի Կոմկուսի կանոնադրության մեջ Թայվանի անկախությանը հակազդելու մասին դրույթի ավելացմանը։
Փաստաթղթում ասված է. «Անշեղորեն իրականացնել «մեկ երկիր՝ երկու համակարգ» քաղաքականությունը, վճռականորեն զսպել այսպես կոչված «Թայվանի անկախությանն» աջակցող անջատողական ուժերին»։
ԶՈՐԱԿՈՉՎԱԾ ՌՈՒՍԱՍՏԱՆՑԻՆԵՐԻ ԹԻՎԸ ՀԱՍԵԼ Է 260 000-Ի
Մասնակի զորահավաքի շրջանակում զորակոչված ռուսաստանցիների թիվը հասել է 260 հազարի, տեղեկացրել են Պետդումայից։ Ընդհանուր առմամբ պետք է զորակոչվի Ռուսաստանի 300.000 քաղաքացի:
Հոկտեմբերի 14-ին Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ մասնակի զորահավաքը կավարտվի երկու շաբաթից։ ՌԴ նախագահի խոսնակն էլ նշել էր, որ այն շրջաններում, որտեղ զորահավաքի հետ կապված առաջադրանքները կատարվել են, գործընթացը դադարեցվել է։
Նախօրեին Հյուսիսային Օսիայի ղեկավարը տեղեկացրել է, որ «Վերին Լարս» և «Նիժնի Զարամագ» անցակետերում հոկտեմբերի 22-ից կհանվեն շարժական զինկոմիսարիատները: Նրա խոսքով՝ Ռուսաստանի սահմանը հատողների հոսքը նվազել է, վիճակը կայունացել է: