Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը քննարկման ենթակա չէ, և երկրի անկախության համար պետք է շարունակել ջանքերը: Այս մասին Արցախի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել է նախագահ Արայիկ Հարությունյանը:
Արայիկ Հարությունյան (Արցախի նախագահ) - Մենք պայքարելու ենք Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի կարևոր նորմի շրջանակում:
Արցախյան խնդիրը կապ չունի Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ, քանի որ երկիրն անկախացել է խորհրդային միությունից, նկատել է Հարությունյանն ու հիշեցրել՝ արցախահայության ինքնորոշման համար պայքարը ոչ թե 30 տարվա, այլ ավելի երկար պատմություն ունի, այն պահից, երբ Լեռնային Ղարաբաղը բռնակցել են Ադրբեջանին:
Արայիկ Հարությունյան - Մենք պետք է պայքարենք, բայց առաջին հերթին` ապրելով Արցախում: Այս բանաձևն է գործելու: Մեր պայքարը շարունակվում է, Բայց պայքարում հաջողություն արձանագրելու առումով մենք պետք է ապրենք, առաջին հերթին` զարգացնենք Արցախը:
Պաշտոնական Ստեփանակերտը կողմ է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրին: Բայց դա չի նշանակում, թե լուծված է Արցախի խնդիրը, ասել է նախագահ Հարությունյանը:
Արայիկ Հարությունյան - Առաջին հերթին որպես հայ՝ մենք ևս շահագրգռված ենք ՀՀ կայունության, ՀՀ և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման առումով, բայց արցախահայերի ինքնորոշման իրավունքը չի կարող ստորադասվել, կամ այդ պայմանագիրը չի կարող խոչընդոտել մեր պայքարին:
Ստեփանակերտ-Բաքու հնարավոր երկխոսության մասին:
Նախագահ Արայիկ Հարությունյանի խոսքով՝ որոշակի շփումներ կան, քանի որ հետպատերազմական իրողություններում պետք է լուծել հումանիտար ու ենթակառուցվածքային հարցեր:
Արայիկ Հարությունյան - Պետք է գիտակցենք` ինչ խնդիրներ ունենք՝ կապված հոսանքի մատակարարման, (գազի մատակարարումը բոլորին պարզ է), կապի մատակարարման առումով, այդ բոլոր ենթակառուցվածքների անխափան աշխատանքի, կանոնավոր աշխատանքի առումով, նոր միջանցքի հետ կապված:
Ըստ Հարությունյանի՝ 2020-ի պատերազմի հետևանքները ծանր են, բայց հաջողվել է փրկել Արցախի պետականությունը: Ծանր պահին պետք է մնալ, ապրելով հաղթահարել դժվարությունները: