Ուկրաինայի Լուցկ քաղաքում, ինչպես նաև Ռովնենսկի և Կիրովոգրադի մարզերում պայթյուններ են որոտացել, այդ շրջաններում էլեկտրականության անջատումներ են սկսվել: Սոցիալական ցանցերի ուկրաինացի օգտատերերը հայտնում են նաև Լվովի մարզում տեղի ունեցած պայթյունների մասին։ Լվովի վարչակազմի ղեկավար Մաքսիմ Կոզիցկին իր հերթին հայտարարել է, որ տարածաշրջանում ՀՕՊ համակարգ է աշխատել։
Ավելի վաղ Ուկրաինայում հայտնել էին Վոլինի, Խմելնիցկի, Կիևի, Դնեպրոպետրովսկի, Օդեսայի և Չեռնիգովի մարզերում տեղի ունեցած պայթյունների մասին։ Երկրի շրջանների մեծ մասում, այդ թվում՝ մայրաքաղաք Կիևում, օդային տագնապ է հայտարարվել։
«Ուկրէներգո» ընկերությունը հայտնել է երկրի մի շարք շրջաններում էլեկտրաէներգիայի սպառման ժամանակավոր սահմանափակումների մասին։ «Էլեկտրամատակարարումն անջատվելու է մայրաքաղաքում, ինչպես նաև Կիևի, Չերկասի, Չեռնիգովի և Ժիտոմիրի մարզերում»,- նշել են ընկերությունում:
Ուկրաինայում վնասվել են էներգետիկ ենթակառուցվածքի բազմաթիվ օբյեկտներ: Կիրովոգրադի մարզի ղեկավար Անդրեյ Ռայկովիչի խոսքով՝ Կրոպիվնիցկի և Գոլովանևսկի շրջաններում կարևոր էներգետիկ օբյեկտներին հրթիռային հարվածներ են հասցվել: