ԶՈՐԱԿՈՉՎԱԾ ՌՈՒՍԱՍՏԱՆՑԻՆԵՐԻ ԹԻՎԸ ՀԱՍԵԼ Է 260 000-Ի
Մասնակի զորահավաքի շրջանակում զորակոչված ռուսաստանցիների թիվը հասել է 260 հազարի՝ տեղեկացրել են Պետդումայից։ Ընդհանուր առմամբ պետք է զորակոչվի Ռուսաստանի 300.000 քաղաքացի:
Հոկտեմբերի 14-ին Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ մասնակի զորահավաքը կավարտվի երկու շաբաթից։ ՌԴ նախագահի խոսնակն էլ նշել էր, որ այն շրջաններում, որտեղ զորահավաքի հետ կապված առաջադրանքները կատարվել են, զորահավաքային գործընթացը դադարեցվել է։
Նախօրեին Հյուսիսային Օսիայի ղեկավարը տեղեկացրեց, որ «Վերին Լարս» և «Նիժնի Զարամագ» անցակետերում հոկտեմբերի 22-ից կհանվեն շարժական զինկոմիսարիատները: Նրա խոսքով՝ Ռուսաստանի հետ սահմանը հատողների հոսքը նվազել է, վիճակը կայունացել է:
ԲԱՅԴԵՆԸ ՄՏԱԴԻՐ Է ՄԱՍՆԱԿՑԵԼ 2024-Ի ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅԱՆԸ
Ջո Բայդենը MSNBC հեռուստաալիքի հետ հարցազրույցում հայտարարել է, որ մտադիր է մասնակցել 2024 թվականի նոյեմբերին նախատեսված նախագահական ընտրություններին, սակայն վերջնական որոշում դեռ չի կայացրել։
Նա անդրադարձել է նաև ռուս-ուկրաինական հակամարտությանը, նշել՝ Ռուսաստանը չպետք է հաջողության հասնի։
«Մենք շատ գումար ենք ծախսել ուկրաինացիներին ջակցելու համար: Երբ մենք օգնում ենք Կիևին, այդպիսով օգնում ենք ողջ Եվրոպային և Հյուսիսատլանտյան դաշինքին»,- ընդգծել է Սպիտակ տան ղեկավարը։
Բայդենը նաև դատապարտել է հանրապետականներին, որոնք խոստացել են հաղթանակի դեպքում վերանայել Կիևին աջակցության ծրագրերը։
ԱՄՆ-Ը ԻԻՀ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԳՈՐԾԱՐՔԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐ ՉԻ ՏԵՍՆՈՒՄ
Վաշինգտոնն առայժմ Իրանի միջուկային գործարքի շուտափույթ վերականգնման հեռանկար չի տեսնում, սակայն ցանկանում է լուծել այս խնդիրը դիվանագիտական ճանապարհով՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննայի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
Նրա խոսքով՝ Թեհրանը շարունակում է պնդել, որ գործարքում կողմնակի հարցեր ներառվեն, հետևաբար համաձայնության հասնելու մասին խոսք լինել չի կարող:
«ԱՄՆ-ը թույլ չի տա, որ Իրանը երբևէ միջուկային զենք ստեղծի կամ այն ստեղծելու ներուժ ունենա»,- զգուշացրել է Բլինքենը։
ՂՐՂԶՍՏԱՆ-ՏԱՋԻԿՍՏԱՆ ՍԱՀՄԱՆԻՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԿԱՅՈՒՆ Է
Ղրղզստանն ու Տաջիկստանը պայմանավորվել են ապագայում սահմանային բոլոր վեճերը լուծել միջկառավարական հանձնաժողովների մակարդակով՝ ասված է երկրների սահմանային հարցերով գերատեսչությունների համատեղ հայտարարության մեջ:
Գերատեսչությունների ղեկավարներն ընդգծել են փոխադարձ հարգանքի, խաղաղ գոյակցության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության հարցում համերաշխության կարևորությունը: Նրանք նաև հավատացրել են, որ ներկայումս Ղրղզստան-Տաջիկստան սահմանին իրավիճակը կայուն է։
ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԻ ՀԱՄԱՐ ՊԱՅՔԱՐՈՒՄ Է 3 ԹԵԿՆԱԾՈՒ
Մեծ Բրիտանիայի վարչապետ Լիզ Թրասի հրաժարականից հետո սկսվել է Պահպանողական կուսակցության ղեկավարի և երկրի վարչապետի պաշտոնի համար պայքարը:
Հիմնական հավակնորդները նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը, ֆինանսների նախկին նախարար Ռիշի Սունակը և Համայնքների պալատի ղեկավար Փենի Մորդոնտն են:
Բրիտանական լրատվամիջոցների տվյալով՝ Սունակն արդեն ստացել է Պահպանողական կուսակցության 357 պատգամավորից ավելի քան 100-ի աջակցությունը: Sky News-ի հաղորդմամբ՝ Ջոնսոնն առայժմ ստացել է 67 պատգամավորի աջակցությունը, իսկ Մորդոնտը, որը պաշտոնապես հայտարարել է ընտրապայքարին մասնակցելու մասին, այս պահին ստացել է Պահպանողական խմբակցության 18 անդամի աջակցությունը:
ԱՎԱՐՏՎԵԼ Է ՉԺՀ ԿՈՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ 20-ՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԸ
Պեկինում ավարտվել է հոկտեմբերի 16-ին մեկնարկած Չինաստանի կոմունիստական կուսակցության 20-րդ նստաշրջանը։
Մասնակիցներն ընտրել են Կոմկուսի Կենտրոնական կոմիտեի և կարգապահական տեսչության կենտրոնական հանձնաժողովի նոր կազմը։ Քաղբյուրոյի մշտական կոմիտեի յոթ անդամից չորսը չի ընդգրկվել Կենտկոմի նոր կազմում։
Ակնկալվում է, որ հոկտեմբերի 23-ին կկայանա Չինաստանի կոմկուսի Կենտկոմի առաջին լիագումար նիստը, որի ընթացքում կընտրվի նաև Կոմունիստական կուսակցության Կենտկոմի գլխավոր քարտուղարը։ Այդ պաշտոնը 2012 թվականից զբաղեցնում է Սի Ծինփինը:
20-րդ համագումարի պատվիրակները հավանություն են տվել նաև Չինաստանի կոմկուսի կանոնադրության մեջ Թայվանի անկախությանը հակազդելու մասին դրույթի ավելացմանը։
Փաստաթղթում ասված է. «Անշեղորեն իրականացնել «մեկ երկիր՝ երկու համակարգ» քաղաքականությունը, վճռականորեն զսպել այսպես կոչված «Թայվանի անկախությանն» աջակցող անջատողական ուժերին»։