«Հարկադիր կատարման մասին» օրենքում առաջարկվող նոր փոփոխությունները թույլ կտան բարձրացնել կատարողական վարույթների արդյունավետությունը, նաև խնայել ֆինանսական ու մարդկային ռեսուրսները՝ վստահեցնում են արդարադատության նախարարությունում: Փաթեթը մշակած կառույցի խորհրդականն ասում է՝ որոշ կարգավորումներ այժմ թերի են, իսկ նոր տարբերակում հնարավորություն կլինի միավորել ու առանձնացնել վարույթները, եթե դրանք նույն մարդուն են վերաբերում, նաև անհրաժեշտության դեպքում աշխատանքը մեկ մարզից վերապահել մեկ այլ մարզում գտվող հարկադիր կատարողի:
Արտյոմ Սուջյան (ՀՀ արդարադատության նախարարության խորհրդական) - Կարող է անձի նկատմամբ կատարողական վարույթ հարուցված լինել մեկ մարզային բաժնում, սակայն նրան պատկանող գույքը գտնվի մեկ այլ մարզում, ներկայիս կարգավորումներով այդ հարկադիր կատարողը ստիպված է լինելում գնալ հասնել մեկ այլ մարզ, որ առգրավի գույքը, բերի, հասցնի այն մարզ, որտեղ վարույթը հարուցվել է: Ներկայում հնարավորություն կստեղծվի արդեն հանձնարարել այդ մարզում գտնվող հարկադիր կատարողին, ով նույն գործողությունը կիրականացնի, բնականաբար, մենք կունենանք մարդկային ու ֆինանսական ռեսուրսների խնայողություն:
Փաթեթն առաջին ընթերցմամբ խորհրդարանն արդեն ընդունել է, Սուջյանն ասում է՝ երկրորդին ընդառաջ պատգամավորական առաջարկներ դեռ չեն ստացել: Մյուս կարևոր փոփոխությունը, որ առանձնացրեց նախարարության խորհրդականը, քանդման կամ վտարման գործողությունների ժամանակ առգրավման ոչ ենթակա գույքի պահպանության հարցերն են: Այդ իրավիճակներում գույքի սեփականատերերը հաճախ են հրաժարվում ինքնուրույն լուծել պահպանության հարցերը, նկատում է գերատեսչության մասնագետը, այդ դեպքում ամբողջ բեռն ընկնում է բյուջեի վրա:
Արտյոմ Սուջյան - Վիճակագրությունը ցույց է տալիս, որ բազմաթիվ են նման դեպքեր, երբ հարկադիր կատարողները պետբյուջեի հաշվին գույքի պահածություն են իրականացնում, անգամ գույքի տեղակայման խնդիր կա ներկայում, թե կոնկրետ որտեղ պահեն տվյալ գույքը, այդ խնդիրն ակնհայտ է:
Գույքի պահապանության համար բյուջեի հաշվին կատարած ծախսերն էլ գործող կարգով դժվար է հետ ստանալ՝ նշում է Սուջյանը: Փոփոխություն անելիս հաշվի են առել նաև այս հարցերը, հստակ սահմանել այնպիսի մեխանիզմներ, որոնք կստիպեն պարտապանին շահագրգռված լինել ու սեփական գույքի պահպանությունը չթողնել հարկադիրի դաշտում:
Արտյոմ Սուջյան - Մեխանիզմը սահմանվել է այնպես, որ եթե պարտապանը անձամբ չի իրականացնում գույքի պահպանությունը, ապա եռակի չափով գույքի պահպանության ծախսերի գումար է բռանագանձվելու հետագայում հենց պարտապանից:
Ընթացիկ բարելավումներից բացի, մինչև տարեվերջ ծառայությունը նոր հայեցակարգ էլ կունենա, հիմա քննարկումների փուլն է, հստակեցվում են մոդելը, պահանջներն ու դրանց կարգավորումները: