Տիեզերք բաց թողնված հայկական առաջին արբանյակը ամբողջությամբ և հաջողությամբ անցել է բոլոր փորձարկումները. ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում տեղեկացրել է ԲՏԱ փոխնախարար Ավետ Պողոսյանը:
Ավետ Պողոսյան (ՀՀ ԲՏԱ նախարարի տեղակալ) - Այսօր ես նույնպես ստացել եմ այդ հաշվետվությունը, կարելի է ասել` 90 տոկոսով այն պատրաստ է շահագործման, այսինքն` ավելի արագ, քան մենք նախատեսում էինք:
Այս համատեքստում հանձնաժողովի դրական եզրակացությանը արժանացավ նաև «Խաղաղ նպատակներով տիեզերական տարածության հետազոտման և օգտագործման ոլորտում համագործակցության մասին Անկախ Պետությունների Համագործակցության» կոնվենցիան վավերացնելու մասին հարցը:
ԳՈՎԱԶԴԻ ԵՎ ՏԵՍԱԼՍՈՂԱԿԱՆ ՄԵԴԻԱՅԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՆԵՐԸ ԿՓՈՓՈԽՎԵՆ
Պատգամավոր Գևորգ Պապոյանը հաջորդ հարցը ներկայացրեց. առաջարկում է «Գովազդի մասին» և «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքներում փոփոխություններ կատարել, որով խաղային բիզնեսի առաջ որոշակի սահմանափակումներ կդրվեն:
Գևորգ Պապոյան (ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ) - Եթե այս պահի դրությամբ կա այնպիսի տեսալսողական մեդիա միջոց, որի անվանումը համընկնում է այս պահին կամ վերջին 5 տարվա ընթացքում եղած խաղային կազմակերպության անվան հետ, ապա այդ կազմակերպությունը օրենքը ընդունվելուց հետո 6 ամիս ժամանակ ունի, որպեսզի վերակազմակերպի իր անունը և ամբողջ մարքեթինգային քաղաքականությունը, որպեսզի իր անվանումը փոխվի:
Խոսքը միայն անվանման փոփոխության մասին է՝ կրկնեց Պապոյանը` թյուրիմացություններից խուսափելու համար: Կառավարության դիտարկումներն արդեն հաշվի առել են՝ տեղեկացրեց օրենքի նախագծի հեղինակը, եթե բացեր կլինեն, կլրացնեն առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ: Այս նախագիծը ևս դրական եզրակացություն ստացավ:
Կառավարող խմբակցությունից պատգամավոր Զարուհի Բաթոյանի առաջարկած նախագծերից մեկով էլ նախատեսվում է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող երեխաների կրթությունը կազմակերպելու համար խելամիտ հարմարեցումներ ապահովելու համար կրթական հաստատություններին պետությունից ֆինանսավորում տրամադրել: Այս ցուցակի մեջ են նաև հատուկ դասագրքերը: Մեկ այլ նախագծով էլ պատգամավորն առաջարկում է ավելացնել ժեստերի լեզվով, որոշ դեպքերում` ենթագրերով հեռարձակվող մանկական, լրատվական և այլ հաղորդաշարերի քանակը, սուրդոթարգմանությամբ հեռարձակել նաև բարձրաստիճան պաշտոնյաների ուղերձները, ԱԺ հատուկ նիստերն ու հանրային քննարկումները: Այս նախագծերը ևս ստացան դրական եզրակացություն: