Արևային էներգիան հասավ նաև Հարություն Մկրտչյանի ձկնաբուծարան: Մոտ մեկ ամիս է՝ էլեկտրաէներգիայի փոխարեն Հարությունը արևից ստացած հոսանքով է բիզնեսն աշխատեցնում:
Ասում է՝ մինչև կայանը տեղադրելը տնտեսությունն ամսական 60 հազար կվտ էլէներգիա է ծախսել, կայանը տեղադրելուց հետո ծախսը կիսով չափ նվազել է:
Հարություն Մկրտչյան (ձկնաբույծ) - Կայանն ինձ ամսական 800-900 հազար դրամի օգուտ է տալիս՝ անկախ եղանակից: Տարեկան կտրվածքով մոտ 10 մլն տնտեսում ենք:
Ձկնաբույծի սպասելիքներն արդարացված են: Կայանը ամսական մոտ 20 հազար կվտ արևային էներգիա է արտադրում: Գործարարը կայանը ձեռք է բերել լիզինգի աջակցման ծրագրով: Նաև պետությունն է սուբսիդավորել, այլապես, ասում է՝ սեփական միջոցներով կայանի տեր չէի դառնա:
Հարություն Մկրտչյան - Ձկնաբուծությունը այնպիսի շահույթ չի ապահովում, որ կարողանանք մեր միջոցներով այդպիսի գումարներ ծախսել: Դրա համար շատ գոհ ենք, որ նման աջակցություն կա. առանց դրա հնարավոր չէր լինի նման գործ անել:
Արմավիրի մի շարք անասնաֆերմաներ, թռչնանոցներ, ձկնաբուծարաններ և արտադրական ձեռնարկություններ լույսի ու ջերմության անսպառ աղբյուրից օգտվում են՝ համագործակցելով արևային կայաններ պատրաստող ընկերության հետ: Ասում են՝ հսկայական գումար են տնտեսում:Այն պահից, երբ պատրաստի կայանը տրամադրվում է շահառուին, սպասարկումը 25 տարով ստանձնում է կայան ստեղծող ընկերությունը:
Լիանա Արևշատյան (ընկերության ֆինանսական տնօրեն) - Զուտ արվել է հաճախորդի համար, որ տնտեսությունը զարգանա, տնտեսվարողը էներգիայի առումով ավելի քիչ ծախս ունենա: Տեղանքը այնպես է ընտրվում, որ կայանի արտադրողականությունը բարձր լինի, տնտեսվարողն ունենա ավելի արդյունավետ արտադրվող հոսանք:
Արևային կայան տեղադրելով՝ շահառուն կապիտալ ներդրում է անում սեփական բիզնեսում, այսինքն, տնտեսած միջոցների հաշվին հնարավորություն է ունենում ոչ միայն ընդլայնել սկսած գործը, այլև կյանքի կոչել նոր գաղափարները: Իսկ գումարը, որով ձեռք է բերում կայանը, մի քանի տարի հետո հետ է վերադարձվում:
Պողոս Խաչատրյան (ընկերության աշխատակից) - Եթե կապիտալ ներդրումը կատարում է՝ ձեռք բերելով արևային կայան, 4 տարվա ընթացքում կայանը իր ամբողջ ծախսը ծածկում է: Այն գումարը, որ պետք է վճարեր էլցանցին՝անվերադարձելիության սկզբունքով, այս պարագայում ամեն ամիս կարողանում է ներդնել իր բիզնեսում:
Հարություն Մկրտչյանը, օրինակ՝ տնտեսած միջոցներով մանրաձուկ իշխան կաճեցնի, նաև կավելացնի ձկան պաշարները: