Արտաշատ խոշորացված համայնքի 38 բնակավայրերի այգետերերը վաղուց կարկտահարությունից չեն բողոքում:
Պատճառը դեռևս 2008-ից Արարատի մարզում համատարած տեղադրվող հակակարկտային կայանքներն են: Այսօր արդեն մարզում գործում է 104 կայանք:
Կայանքները պաշտպանում են 8500 հեկտար այգիների և բանջարաբոստանային վարելահողերի բերքը: Մրգանուշ, Աբովյան, Լանջազատ, Գետազատ և Նարեկ բնակավայրերում օրեր առաջ ևս 5 նոր կայանք է տեղադրվել:
Լինեն համայնքային թե պետական սեփականություն՝ կայանքները կառավարվում են շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից:
Նարեկ Գալստյան (Արտաշատի համայնքապետարանի գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի պետ) - Յուրաքանչյուր կայանքը կայանքից հեռու ա տեղադրված մեկ կիլոմետր, ոչ ավելի, որպեսզի կարողանանք ստանալ պաշտպանական շղթայական գիծ: Հիմնական արդյունավետության պատճառը հենց շղթա ստանալն ա:
Սահմանի երկայնքով մարզի այգիների և վարելահողերի անվտանգությունը երաշխավորված է երեք պաշտպանական գծով: Այստեղ սեփական կայանք հասկացություն չկա: Եթե կայանքները ճիշտ կառավարեն ու մեկ կենտրոնից՝ արդյունքն ակնհայտ կլինի՝ ասում է Նարեկ Գալստյանը:
Նարեկ Գալստյան - Առաջին պաշտպանական գիծը ձգվում է Մասիսի Ռանչպար համայնքից մինչև Երասխավան համայնք: Այնուհետև երկրորդ պաշտպանական գիծ, երրորդ պաշտպանական գիծ, արդեն հասել ենք Նարեկ բնակավայր:
Եղածով չեն բավարարվելու, կայանքների խտության պահանջարկով պայմանավորված՝ համայնքային ծրագրերով դրանց տեղադրումը շարունակվելու է: