Րաֆֆի Քորթոշյան (Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի փոխտնօրեն) - Սուրբ Սարգիսը ծխական եկեղեցի է 19-րդ դարի, լուսանկարները 2011-ին եմ կատարել, էս ամենը մինչև 2022-ի մարտ կանգուն էր, արբանյակային վերջինը մարտին է կատարվել, իսկ մյուսը լուսանկարը, որը կատարվել է հուլիսին, երևում է, որ այն գոյություն չունի:
Խոսքը Հադրութի եկեղեցին պատկերող արբանյակային այս լուսանկարների մասին է: ԱՄՆ Քորնելի համալսարանի Կովկասյան Heritage Watch կառույցը լուսանկարներին կից նշել է՝ Ադրբեջանը Նախիջևանի օրինակով ոչնչացնում է Լեռնային Ղարաբաղի հուշարձանները:
Րաֆֆի Քորթոշյան - Հաագայի դատարանի որոշումից հետո՝ 2021-ի դեկտեմբերին, այն կանգուն էր:
Այդ մասին նաև Caucasus Heritage Watch-ն է նշում՝ հիշեցնելով, որ դեռ 2021-ի դեկտեմբերին Արդարադատության միջազգային դատարանը հրատապ միջոց կիրառելու Հայաստանի դիմումի հիման վրա Ադրբեջանին պարտավորեցրել է «ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու և պատժելու վանդալիզմի ու պղծման գործողությունները՝ ուղղված հայկական մշակութային ժառանգության, ներառյալ՝ եկեղեցիների և այլ պաշտամունքի վայրերի, հուշարձանների, տեսարժան վայրերի, գերեզմանատների և արտեֆակտերի դեմ»:
Րաֆֆի Քորթոշյան - Սա աղաղակող փաստ է, որ Ադրբեջանը խախտել է 2021 թ. դեկտեմբերի Հաագայի դատարանի որոշումը:
Հայաստանը հույս ունի, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը կշարունակի ջանքեր գործադրել Լեռնային Ղարաբաղ և հարակից տարածքներ առաքելության ուղարկման ուղղությամբ։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործադիր խորհրդի լիագումար նիստի ժամանակ այս մասին ևս մեկ անգամ հիշեցրեց ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Քրիստիան Տեր-Ստեփանյանը, ընդգծեց Ադրբեջանի կողմից առաքելության շարունակական խոչընդոտման փաստը, զգուշացրեց, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագետները կարող են հայկական մշակութային ժառանգության ոչնչացման ականատեսը դառնալ։
44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանն ամեն կերպ խոչընդտում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության այցը Արցախ։ Այս փաստը արձանագրվել է նաև կառույցի կողմից: Հայկական ժառանգությունը ոչնչացնելուն զուգահեռ՝ Ադրբեջանն ընդունում է զոհի կերպար:
Սեպտեմբերի 28-30-ը Մեխիկոյում տեղի ունեցած ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաժողովին Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քերիմովն իր զեկույցում մեղադրել է միջազգային հանրությանը իբր «հայերի կողմից 30 տարի իրականացված էթնոմշակութային ցեղասպանությանը համապատասխան արձագանք չտալու» համար: Նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ին հրավիրել է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներ՝ այնտեղ տեխնիկական առաքելություն իրականացնելու նպատակով։
Րաֆֆի Քորթոշյան - Ի՞նչ կարող ենք պահանջել մի մշակույթի նախարարից, որը այսօր հայտարարում է, թե բաց են, ՅՈՒՆԵՍԿՕ-ն կարող է գալ, երբ ներկայացնում է Վրաստանի Ախալցխայի բերդի նկարն ու ներկայացնում որպես Աղդամի:
Նույն ձև ՅՈՒՆԵՍԿՕ-ում կարող են հայտարարել՝ մենք պատրաստ ենք, խումբը թող գա, բայց մինչև խումբը կձևավորվի, կարող են ասել՝ նոր ական է պայթել այդ տարածքում, իրենց ձեռնտու չէ, որ փաստահավաք խումբը գնա այդ տարածքներ:
Քորթոշյանը կարծում է՝ ապատեղեկատվությամբ ձգձգում են փաստահավաք խմբի մուտքը, մինչև հասցնեն ոչնչացնել հայկական բոլոր հուշարձանները, ինչպես եղավ Նախիջևանի դեպքում: Հուշարձանագետի գնահատմամբ՝ դատապարտող հայտարարություններն ու միջանկյալ որոշումները հնարավորություն են տալիս ձգել Ադրբեջանի մշակութակործան գործունեությունը, բայց ոչ բոլոր դեպքերում է միջազգային կառույցների արձագանքը հասցեական, պատճառը կրկին ադրբեջանական կեղծիքի ծավալն է:
Րաֆֆի Քորթոշյան - Տեսեք` եթե հայկական կողմը ասում է` եկեղեցին ավերվել է, տալիս է քարտեզ, հին լուսանկար, նկարագրություն, Ադրբեջանը ասում է՝ 65 հատ մզկիթ ու ոչ մի պատմական տեղեկություն:
Րաֆֆի Քորթոշյանի խոսքով՝ չնայած հուշարձանների ավերման կամ պղծման հրապարակումներ, տեսանյութեր վերջին ամիսներին ավելի քիչ են տարածվում, դա չի նշանակում, որ չեն ոչնչացվում: Քանի դեռ միջազգային հանրության ուշադրությունը մեծ է, ավելի զգուշավոր են:
Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան