Չերչիլին, Պիկասոյին, Դալիին, Շագալին, Հիչհոքին, Փարաջանովին և այլ համաշխարհային հռչակ ունեցող գործիչներին իր տեսախցիկով անմահացրած «Ստամբուլի աչքի»՝ լուսանկարչության վարպետ Արա Գյուլերի հիշատակի ոգեկոչումն այս տարին նշանավորվեց մի շարք միջոցառումներով:
Շարքը սկսվեց «Արա Գյուլերը ընկերների աչքերով» անունը կրող ցուցահանդեսով, որի ընթացքում ներկայացվեց նրա 48 դիմանկար՝ արված 22 հանրաճանաչ լուսանկարչի կողմից։
Գործարար Տայք Միրիջանյանը Արա Գյուլերի մտերիմ բարեկամներից էր, ով նաև ներգրավված էր միջոցառման կազմակերպման հարցերում։ Գյուլերի հետ ծանոթացել են Միրիջանյանին պատկանող ռեստորանում, հետո բարեկամացել, մտերմացել և դարձել լավ ընկերներ։ Միրիջանյանի խոսքով՝ մեծ հարստություն էր Գյուլերի կյանքի վերջին տասը տարիներին նրան ընկերակցելը։
Տայք Միրիջանյան (ստամբուլահայ գործարար) - Արան ինձ համար միայն լուսանկարիչ չէր, Պոլսի փորձն էր։ Պոլսի անցյալը, պատմությունը գիտեր։ Հայ ընտանիքից հայ անձնավորություն էր, որ երբեք իր ազգը և անցյալը չէր ուրանում։ Ասում էր, որ հայ է, և խոսելու ոճն անգամ հայկական էր։ Արան ինձ համար արժեքավոր էր, քանի որ ոչ միայն անունով, այլև ստեղծագործություններով, երկրին, քաղաքին մեծ բաներ բերեց։ Հետևաբար ինձ համար մեծ պարծանք է Արայի հետ այս ճամփորդությունն անցած լինելը:
Տայք Միրիջանյանը հույս է հայտնում, որ Հայաստանում աշխարհահռչակ հայազգի լուսանկարչի գործերը ներկայացնող թանգարան կլինի, և հայաստանցիները հնարավորություն կունենան բացահայտելու Գյուլերին։
Տայք Միրիջանյան - Հայաստանը, հուսամ, Արա Գյուլերի մասին ավելի լայն, ավելի հասկանալի թանգարանի նախագիծ կկարողանա անել։ Որովհետև Արա Գյուլերը միայն Պոլիսը չէ, միայն հայ չէ, աշխարհահռչակ հայ է, և կցանկանայի, որ հայաստանցիներն ավելի լավ ճանաչեն Արա Գյուլերին:
Միջոցառման մասնակիցների շարքում էին Թուրքիայի հայոց պատրիարք Սահակ Մաշալյանը, Հայ կաթոլիկ համայնքի ներկայացուցիչներ, համայնքային այլ գործիչներ։ Ներկաներին ողջունեց Ֆաթիհ Արսլանը, որը միջոցառման նախաձեռնողն է։ Նա Արա Գյուլերի հոգեզավակն է, որն ավելի քան քսան տարի վերջինիս աջ ձեռքը, օգնականը, ընկերն ու ընտանիքն է եղել։
Ֆաթիհ Արսլան (Արա Գյուլերի հոգևոր զավակ, ժառանգորդ) - Արա Գյուլերի հետ էի քսանմեկ տարի։ Քսանմեկ տարի շարունակ նրան ընկերակցելը, նրա որդին լինելն ինձ համար մեծ հպարտություն է։ Դժվար է նկարագրել, թե ինչ արագ և զվարճալի անցան այդ քսանմեկ տարիները։ Վարպետ Արան «արվեստ» բառից միշտ զայրանում էր։ Ինչքան էլ զայրանար, նա ինձ համար իսկական արվեստի դպրոց էր։
Երեկոն շարունակվեց Ջոշքուն Արալի՝ «Այս աշխարհն ուրիշ աշխարհ է» վավերագրական ֆիլմի ցուցադրությամբ, որը Արա Գյուլերի կենդանության օրոք նկարված և նրա կյանքին նվիրված ամենածավալուն վավերագրական ֆիլմն է։
Ջոշքուն Արալ (կինոռեժիսոր, լուսանկարիչ) - Ես Սիրթում եմ ծնվել՝ Միջագետքի ամենակարևոր քաղաքներից մեկը։ Մի վայր է, որտեղ թերթերն անգամ մի քանի օր ուշացումով են հասնում։ «Հայաթ» ամսագիրը, որին այն ժամանակ թղթակցում էր Արա Գյուլերը, ինձ համար պատուհան էր դեպի աշխարհ։ Որոշել էի, որ մի օր անպայման ծանոթանալու եմ նրա հետ։ Կուռքեր ունեի, որոնց մեկը Գյուլերն էր:
Արա Գյուլերի հետ ծանոթացել են 1977 թվականին՝ արյունալի մայիսմեկյան ցույցերից հետո։ Հաջորդ օրը Գյուլերը զանգահարում է Ջոշքուն Արալին և խնդրում նկարներով գալ գրասենյակ։ Նկարները «Թայմս», «Լայֆ» ամսագրերի համար էին։ 80 թվականին նրանց մտերմությունն ավելի է ամրապնդվել, և դրանից հետո անբաժանելի են դառնում։
Ջոշքուն Արալ - Մեր աշխարհայացքները շատ նման էին։ Նա իրեն երբեք չէր ներկայացնում որպես արվեստագետ-լուսանկարիչ, լրագրող էր։ Ես էլ էի լրագրող։ Մարդու մաշկի գույնը, կրոնը, ծննդավայրը չեն, որ կարևոր են, մարդն էր կարևոր մեզ համար։
Արա Գյուլերի հեղինակային իրավունքներն այժմ «Դողուշ» խմբին են պատկանում, որը վավերագրական ֆիլմում մի շարք լուսանկարներ չի թույլատրել օգտագործել: Ջոշքուն Արալը հույս ունի, որ խնդիրները կկարգավորվեն, և հնարավոր կլինի վավերագրական ֆիլմը ցուցադրել ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում։
Երեկոյի վերջում կատարումներով հանդես եկավ «Լուսավորիչ» երգչախումբը՝ Հակոբ Մամիկոնյանի գլխավորությամբ։